Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը ավարտվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի երկօրյա ոչ պաշտոնական այցը Հայաստան: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամառային նստավայրում կայացած հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

«Հայաստանն ու Վրաստանը քաղաքական խնդիրներ չունեն: Երկու երկրները հաջողությամբ գործակցում են, եւ այդ համագործակցությունն ունի զարգացման մեծ հեռանկար», - հանդիպումից հետո Սեւանում լրագրողներին ասել է Միխեիլ Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահի կարծիքով, ապագան տնտեսական համակարգերի միավորումն է, երկու տնտեսությունների ինտեգրումը:

«Ակնհայտ է, որ անջատ մեզ համար ավելի դժվար կլինի, քան միասին», - նշել է Սահակաշվիլին եւ ավելացրել. - «Ուրախալի է, որ հայերն այս տարի սկսել են մեկնել Վրաստան, քանի որ նրանց ճանապարհին այլեւս ոչ ոք չի կանգնեցնում, չի խանգարում, ինչպես նախկինում էր: Մենք հայերին շատ սպասում ենք, մեզ դուր է գալիս, երբ նրանք գալիս են»:

Վրաստանի նախագահը նաեւ կարեւորել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ստեղծած Հայ - վրացական գործարար համագործակցության ընկերակցության գործունեությունը՝ նշելով, թե այժմ էլ ստեղծվում է նաեւ հայ-աջարական նմանատիպ կառույց:

«Կարծում եմ, այդ կառույցները ունեն մեծ հեռանկար, եւ կարող են արդյունավետ լինել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար», - ասաց Վրաստանի նախագահը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչայանը, իր հերթին, նշել է, թե հարեւան երկրների ղեկավարները տարվա ընթացքում պետք է մի քանի անգամ հանդիպեն, եւ «դա կարող է կրել պաշտոնական եւ ոչ պաշտոնական բնույթ»:

«Կարծում եմ, նախագահների հարաբերությունները կանդրադառնան նաեւ հասարակ մարդկանց հարաբերությունների վրա: Իսկ երկու երկրների ժողովուրդների միջեւ հարաբերություններ կարող են հաստատվել շփման, փոխադարձ այցերի, զբոսաշրջության զարգացման, բիզնեսի եւ ընդհանուր հետաքրքրությունների միջոցով: Այդ ամենը պետք է վերականգնել», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

«Մեկ-երկու օրում, որպես կանոն, դա չի վերականգնվում, բայց մեկ- երկու օրում այդ ամենը հնարավոր է ոչնչացնել: Ուստի մենք պետք է խնամքով պահենք այն, ինչ ձեռք ենք բերել սերունդների միջոցով եւ անենք ամեն ինչ, որպեսզի զարգացնենք այն, ինչ գոյություն ունի», - ավելացրել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG