Մատչելիության հղումներ

Հովարդ Դին. «Ճշտարտությունն այն է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել է»


ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններում ամենաազդեցիկ թեկնածուներից մեկը՝ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Հովարդ Դինը շաբաթ օրը երկօրյա հայաստանյան այցի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց, որ Հայոց ցեղասպանությունը «տեղի ունեցել է» եւ «հարց չի կարող լինել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է ճանաչի ցեղասպանությունը թե ոչ»:

«Ճշտարտությունն այն է, որ հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել է», - լրագրողներին ասաց Հովարդ Դինը: - «Դա եղել է 90 տարի առաջ եւ այն ժամանակ 1 միլիոնից ավելի մարդ է սպանվել, իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն: Այնպես որ հարց չի կարող լինել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է ճանաչի ցեղասպանությունը թե ոչ»:

«Այս պահին ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգների կեսից մի փոքր պակաս մասը, քանի որ հանդիսանում եմ Դեմոկրատական կուսակցության ղեկավարը: Երբ վերադառնամ տուն, ես կոչ կանեմ Դեմոկրատական կուսակցությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - շարունակեց նա: - «Բայց դա ամենը չէ: Խնդիրն այն է, որ թե’ Թուրքիան եւ թե’ Հայաստանը Միացյալ Նահանգների բարեկամն են: Թուրքիան, որ իրագործել է ցեղասպանությունը, եւ Հայաստանը, որ այդ ցեղասպանության զոհն է: Մենք պետք է հաշտեցնենք այդ երկու կողմերին. ահա թե որն է մեր երկարաժամկետ նպատակը»:

Չնայած Ջորջ Բուշի վարչակազմը հրաժարվում է 1915 թվականին տեղի ունեցածին տալ ցեղասպանություն որակումը, Հովարդ Դինի կարծիքով, «փաստերն այլ բան են ասում»:

«Իսկապես թուրքերը մեր կարեւոր ընկերներն են եւ դաշնակիցները, բայց յուրաքանչյուր երկիր երբեմն սխալներ է գործում: Պետք է հետ նայել ու տեսնել ճշմարտությունը», - ասաց դեմոկրատ կոնգրեսականը:

Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը արդեն ճանաչած կլիներ Հայոց ցեղասպանությունը, եթե նախագահական ընտրություններում հաղթած լիներ ոչ թե Բուշը, այլ ինքը Դինը կամ նրա կուսակից Քերրին, այդուհանդերձ, հնչեց ավելի զգուշավոր, դիվանագիտական պատասխան. - «Դա հաստատ պնդել չեմ կարող: Բայց, կարծում եմ, Դեմոկրատական կուսակցությունը պետք է հաշվի նստի փաստերի հետ: Իսկ փաստերը խոսում են այն մասին, որ ցեղասպանություն տեղի ունեցել է: Չի կարելի ձեւացնել, թե դա չի եղել: Ինչ վերաբերում է կոնգրեսում շրջանառող ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւին, ապա ասեմ, որ, ինչպես գիտեք, դեմոկրատները մեծամասնություն չեն կազմում Կոնգրեսում, եւ, դժբախտաբար, չեն իշխում Սպիտակ Տանը: Բայց երբ ես վերադառնամ, կխոսեմ դեմոկրատական կուսակցության վերնախավի հետ եւ կխնդրեմ նրանց սատարել այդ բանաձեւին: Եվ եթե մի քանի հանրապետական էլ մեզ միանա, մենք կկարողանանք անցկացնել այն», - հուսադրեց Հովարդ Դինը:

Պատասխանելով Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին ու ներկայիս իրավիճակին վերաբերող հարցին, Հովարդ Դինը ասաց. - «Կարծում եմ, Ադրբեջանը, անկասկած, այնպիսի առաջընթաց չի գրանցել ժողովրդավարության կայացման հարցում, ինչպես Հայաստանը: Հայաստանն այդ առումով հսկայական առաջնթաց է արձանագրել: Ես հիացած եմ դրանով: Երեկ ես հանդիպեցի նախագահ Քոչարյանի հետ, խորհրդարանի խոսնակի հետ: Հանդիպում եղավ նաեւ Ազգային ժողովի իշխող եւ ընդդիմադիր թեւերի ներկայացուցիչների հետ՝ միեւնույն սենյակում, ինչը շատ դրական էր, եւ ես շատ ուրախ եմ, որ ընդդիմությունը դադարեցրեց իր բոյկոտը գոնե այդ մեկ հանդիպման առիթով»:

«Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է ուժեղ Հայաստան տեսնելը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մեծ հաջողությունների հասնի, այդ թվում՝ ժողովրդավարության ամրապնդման առումով, եւ ես կարծում եմ, Հայաստանը շատ բանի է հասել վերջին 10 տարում: Առաջընթացը պետք է շարունակական լինի», - եզրափակեց Դինը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Հովարդ Դինի երկօրյա այցը կազմակերպել էր Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Այցի շրջանակներում Դինը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի ու պատգամավորների, ինչպես նաեւ արտգործնախարարի հետ: Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում հայ-ամերիկյան հարաբերություններին, Հարավային Կովկասի խնդիրներին ու Հայաստան - Թուրքիա երկխոսությանն առնչվող հարցեր:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG