Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսեց գործել «ԲՏԱ Ինվեստ» բանկը


Այսօր Երեւանում կայացավ Հայաստանում թվով 21-րդ ՝«ԲՏԱ Ինվեստ» բանկի շնորհանդեսը։ Այն Հայաստանում ղազախական «Տուրան Ալեմ» բանկի ներկայացուցիչն է եւ զբաղվելու է հիմնականում հիպոթեկային վարկավորմամբ:

Բանկի բաժնետոմսերի 48,9 տոկոսը հիմնադիր «Տուրան Ալեմ»-ին է պատկանում, 31,1տոկոսը՝ ավստրիական «Զե-Ար-Էլ» ընկերությանը եւ 20 տոկոսը՝ «Մոբիլեքս» ղազախա-հայկական ընկերությանը, որի սեփականատեր Դավիթ Վարագյանը Ղազախստանի գազի բիզնեսի առաջատար դեմքերից է: Նա Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Վարագյանի ավագ եղբայրն է:

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը բացման արարողության ժամանակ նշեց, որ այսօր մեր երկրում օտարեկրացիներն ավելի շատ են բանկային համակարգում ներդրումներ կատարում, քան հայաստանցիները։

«Այդ առումով մենք վարում ենք բաց քաղաքականություն: Հայաստան Հանրապետությունում սահմանափակումներ ներդրումների առումով՝ այդ թվում նաեւ բանկային կապիտալում, գոյություն չունի», - ասաց Սարգսյանը:

«Տուրան Ալեմ»-ի ներկայացուցիչ Երկին Տատիշեւի խոսքերով, նախորդ տարվա տվյալներով, իրենց բանկն է համարվել ԱՊՀ երկրների բանկերի շարքում լավագույնը։ Բանկի ակտիվները 5,5 միլիարդ են կազմում, իսկ հայաստանյան հաճախորդին «Տուրան Ալեմ»-ի ներկայացուցիչ ՝«ԲՏԱ Ինվեստ»-ը կներկայանա 250 միլիոն դոլարանոց առաջարկով։

Ըստ բաժնետերերի, նորաբաց բանկը Հայաստանում իր գործունեության առանցքը հիպեթեկային վարկավորումն է դարձնելու։ Այսօր այդ դաշտում տարեկան 14-16 տոկոսով են վարկեր տրամադրում, մինչդեռ «ԲՏԱ Ինվեստ»-ը, Դավիթ Վարագյանի հավաստմամբ, տոկոսադրույքը կիջեցնի մինչեւ 12 տոկոսի։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG