Մատչելիության հղումներ

Տրանսպորտի նախարարների հանդիպումը հետաձգվել է


Երկուշաբթի օրը Ստամբուլում սկսվել է Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման աշխատանքային խմբի երկօրյա հանդիպումը, որին մասնակցում են Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի փորձագետները:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, քննարկվելու են ծրագրի ֆինանսավորման եւ շինարարության համատեղ ձեռնարկության ստեղծման հարցերը:

Հաղորդվում է նաեւ, որ օգոստոսի 24-ին կայանալիք Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպումը հետաձգվել է մինեւ սեպտեմբեր:

Ըստ նախնական հաշվարկների, նոր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 600 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ նախագծի մասնակից երկրները ֆինանսական աջակցություն կխնդրեն Միացյալ Նահանգների կառավարությունից՝ ինչպես եղավ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի կառուցման ժամանակ:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Կարս - յումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր երկաթուղու կառուցումը «անհեթեթություն» է: Մասնավորապես, հուլիսին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ասել էր, որ «այդ երկաթուղին Հայաստանի համար ձեռնտու չէ, եւ Հայաստանն ամեն ինչ անում է դրա կառուցումը թույլ չտալու համար»:

Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի անդամներ Ջո Նոլենբերգը, Ֆրենկ Փալոնը եւ Ջորջ Ռադանովիչը հուլիսի 20-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ էին ներկայացրել օրինագիծ, որով կարգելվի Միացյալ Նահանգներին աջակցել Հայաստանը շրջանցող Կարս - Ախալքալակ երկաթուղու ծրագրվող շինարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG