Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ադրբեջանը ո'չ կարող է մեզ նավթով հրապուրել, ո'չ առավել եւս՝ վախեցնել»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անցած շաբաթավերջին հանդես է եկել Կազանի հանդիպումից առաջ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ ադրբեջանական կողմի՝ վերջին շրջանում հաճախակի դարձած գնահատականների մեկնաբանությամբ:

«Նախ ընդհանրապես ասեմ, որ որպես կանոն, ամեն անգամ երբ Ադրբեջանը չի հասնում իր ուզածին, կամ փնովում է Մինսկի խմբին, կամ թերահավատություն հայտնում բանակցային գործընթացի նկատմամբ եւ այս ամենը հենք դարձնում բանակցային հերթական փուլին», - ըստ արտգործնախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության, նշել է Վարդան Օսկանյանը:

Ինչ վերաբերում է Պրահյան գործընթացի ադրբեջանական բնորոշմանը, թե իբր Պրահյան գործընթացի էությունը փուլային լուծումն է, իբր ժամանակն աշխատում է իրենց օգտին եւ միջազգային հանրությունը թեքվում է դեպի ադրբեջանական տեսակետը կամ գնահատականին, ապա, ըստ նախարարի, «այստեղ դարձյալ նրանք իրենց ուզածը մատուցում են իրականության տեղ»:

«Բոլորին քաջ հայտնի է, այդ թվում նաեւ ադրբեջանցիներին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է, որը պետք է դրսեւորվի Լեռնային Ղարաբաղի բնակչության սեփական ճակատագիրը որոշելու իրավունքով: Մնացյալը՝ հակամարտության հետեւանքների վերացումը, տարածքների հարցը, փախստականների վերադարձը եւ այլն, բխում են դրանից եւ հետեւելու են դրան», - նշել է Օսկանյանը եւ ավելացրել. - «Իհարկե, հարցի փաթեթային լուծումը կարող է իրականացվել փուլային ձեւով, եւ մենք այս հարցում կարող ենք ու պատրաստ ենք ճկունություն դրսեւորել»:

«Ժամանակի առումով դարձյալ պետք է կրկնեմ, որ այն ոչ մեկի օգտին չի աշխատում, քանի որ չլուծված հակամարտությունից հավասարապես տուժում են բոլորը՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: Մյուս կողմից նավթադոլարների հաշվին Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը էականում շատ բան չի տալիս նրանց», - կարծում է Հայաստանի արտգործնախարարը:

«Նախ Ադրբեջանը ո'չ կարող է մեզ նավթով հրապուրել, ո'չ առավել եւս՝ վախեցնել: Հայաստանը միշտ էլ կարողություն ունի ռազմականորեն հակակշռելու Ադրբեջանի ցանկացած բյուջեի: Իրականում հայերի առավելությունը Ադրբեջանի նկատմամբ ոչ թե ռազմական ծախսերի կամ սպառազինության մեջ է, այլ հարցի արդարության մեջ», - հայտարարել է Վարդան Օսկանյանը: - «Հայերը հավատում են Լեռնային Ղարաբաղի հարցի արդարությանը, եւ պատերազմի դեպքում կռվելու են իրենց հողի եւ տան համար, ինչ որ չեն արել եւ չեն անելու ադրբեջանցիները»:

«Մեր մրցակցությունը Ադրբեջանի հետ ոչ թե ռազմական հարթության վրա է, այլ տնտեսական եւ հասարակական բարեփոխումների դաշտում, ուր Ադրբեջանը մրցակից չէ ոչ միայն Հայաստանին, այլեւ նույնիսկ Լեռնային Ղարաբաղին», - ասել է արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության դիրքորոշման փոփոխությանը հօգուտ Ադրբեջանի, ապա դա ճիշտ հակառակն է: Նախարարի խոսքերով, միջազգային հանրությունը առավել իրատեսորեն է գնահատում իրավիճակը, հետեւաբար հաշվի է նստում կայացած փաստերի հետ:

«Հակամարտությունների կապակցությամբ միջազգային զարգացումների տրամաբանությունը այլ բան է հուշում: Արեւելյան Թիմորի հարցը, Կոսովոյի շուրջ զարգացումները եւ Սուդանի պայմանագիրը ցույց են տալիս, որ միջազգային հանրությունն այսօր հակված է պաշտպանելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», - ասել է Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG