Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ղարաբաղյան հարցում առաջընթաց չկա»


Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ օրը այցելել է Օգուզ քաղաք, որտեղ մասնակցել է ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների համար կառուցված 12-հարկանի բնակելի շենքի հանդիսավոր բացման արարողությանը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահը կրկին նշել է, որ «ձգտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

«Սակայն, ինչպես տեսնում եք, շոշափելի առաջընթաց այս ուղղությամբ առայժմ չկա: Ուստի մենք պետք է պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում ազատագրել մեր հողերը ռազմական ճանապարհով: Դրա համար Ադրբեջանը ռազմական տեսանկյունից պետք է առնվազն երկու անգամ ուժեղ լինի Հայաստանից», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Իսկ «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հինգշաբթի օրը ասել է, թե «պաշտոնական Բաքուն հույս ունի, որ միջազգային հանրությունը առաջիկայում կճանաչի Հայաստանը որպես ագրեսոր պետություն եւ կպահանջի ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները»:

«Բոլոր գրավյալ տարածքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Դրանից հետո մենք կարող ենք համաձայնել Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը, երաշխավորել բնակչության անվտանգությունը եւ տնտեսության զարգացումը», - Լատվիայի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG