Մատչելիության հղումներ

Էդինբուրգի քաղաքային խորհուրդը կարող է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում ընդունել


Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդի ղեկավար Դոնալդ Անդերսոնի վերջին հայտարարությունները Հայերի ցեղասպանության շուրջ Մեծ Բրիտանիայում նոր բանավեճերի առիթ է դարձել:

Քաղաքային խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ ինքը համոզված է, որ «1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են եղել»: Ավելին, Դոնալդ Անդերսոնը ծրագրում է հոկտեմբերին խնդիրը քննարկման դնել խորհրդում, որպեսզի Էդինբուրգի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչի հայերի ցեղասպանությունը:

Այս առթիվ Էդինբուրգի թուրքական համայնքը բողոքի նամակ է հղել Էդինբուրգի քաղաքային խորհրդի ղեկավարին: Բողոքել է նաեւ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանը: Ի պատասխան այդ բողոքների Դոնալդ Անդերսոնը գրել է, որ «ուսումնասրել է խնդիրը եւ որեւէ կասկած չունի, որ հայկական համայնքը ենթարկվել է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության»:

«Բազմաթիվ ականատեսների վկայություններ կան, որոնք ամրագրված են փաստաթղթերում, եւ կարծում եմ, որ պատմական փաստերը ակնհայտ են եւ համապատասխանում են ցեղասպանոթւյան նկարագրությանը», - ասված է Էդինբուրգի քաղաքային խորհրդի ղեկավարի նամակում:

Բացի այդ, Դոնալդ Անդերսոնը նաեւ խորհուրդ է տվել Թուրքիայի դեսպանին «որպես հզոր եւ դինամիկ երկրի դեսպանի՝ վերանայել իր դիրքորոշումն այդ հարցում»:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երեք տարի առաջ Շոտլանդիայում անցկացվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օր», - «Ազատություն» ռադիոկայանին իր հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ բացատրեց Դոնալդ Անդերսոնը. - «Եվ որպես դրա մի մաս ներառեցինք նաեւ հայերի ցեսապանության մասին հիշատակումը»:

«Այնուհետեւ, հայկական համայնքը, եւ մասնավորապես հայազգի դոկտոր Բեսոսը խնդրեցին, որ Էդինբուրգում այդ թեմայով սեմինար անցկացվի: Մենք անցկացրեցինք սեմինարը, եւ հենց այդտեղ էր, որ ծագեց քաղաքային խորհդի կողմից ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը», - հայտնեց Անդերսոնը:

Ըստ նրա, թուրքական կոմղը նույնպես պահանջել է նման սեմինարի անցկացում, որպեսզի հնարավորություն ունենան արտահայտել իր տեսակետները: «Մենք համաձայնեցինք կազմակերպել այդ սեմինարը, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում ցաղասպանության ճանաչման նախագիծը միեւնույն է ներկայացվե լու է քաղաքային խորհրդին », - ասաց Դոնալդ Անդերսոնը:

Նա նաեւ հայտնեց, որ քննարկել է այս հայկական համայնքի ներկայացուցիչների հետ եւ խնդրել սեմինարից առաջ համապատասխան փաստաթղթեր տրամադրել իրեն, եւ համայնքը այդ հարցում շատ օգտակար եղավ: Անդերսոնը ինքն էլ անցյալ տարի ուսումնասիրել է խնդիրը:

«Այո’, կարծում եմ, համոզիչ ապացույցներ կան, որ սա ցեղասպանություն էր, շատ դժվար է որեւէ այլ կերպ մեկնաբանել պատմական տեղեկությունները», - հայտարարեց նա:

Ինչ վերաբեվում է ցեղասպանության ճանաչման մասին նախագծին. - «Նախնական նախագիծ է, որ քաղաքային խորհուրդը ճանաչի ցեղասպանությունը: Մենք քննարկումներ ենք ունեցել խորհրդի ներսում որոշ բաներ հավանաբար կփոփխեմ: Բայց հիմնական ձեւակերպումը որ Թուրքիայում տեղի ունեցածը ցեղասպանություն էր՝ կմնա նախագծում, որ շուտով կներկայացվի քաղաքային խորհրդին», - ասաց Էդինբուրգի քաղաքային խորհրդի ղեկավարը:

Կոմիտաս ինստիտուտի Լոնդոնյան մասնաճյուղի տնօրեն Արա Սարաֆյանի, որի հետ զրուցել էինք ավելի վաղ հիշեցրեց, որ Ուելսի քաղաքային խորհուրդներից մեկն էլ անցյալ տարի ճանաչեց հայերի ցեղասպանությունը:

Արա Սարաֆյանը նաեւ հիշեցրեց, որ Թուրքիայի խորհրդարանը դիմել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել այսպես կոչված «կապույտ գիրքը»: Խոսքը 1916 թվականին անգլիացի պետական գործիչ Վիսկոնտ Բրայսի հրատարակած գրքի մասին է, որտեղ տեղ են գտել ցեղասպանության վերբերյալ բազմաթիվ վկայություններ ու փաստեր: Թուրքիայի իշխանությունները կոչ են արել այն չեղյալ հայտարարել, այն հիմնավորմամաբ, որ գրքում տեղ գտած փաստերը «պատերազմական շրջանի պրոպագանդա» է: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ Բրիտանիայի խորհրդարանը պետք է պաշտոնական պատասխան տա Թուրքիային:

Նրա փոխացնամբ, այժմ իրենք որպես հայ գիտնականներ փորձում են լոբբիստական աշխատանք տանել, որպեսզի այդ պատասխանը հայանպաստ լինի: «Ենթադրում եմ, որ հանրային հարց պիտի դառնա, թերթերը պետք է այս նյութով զբաղվեն, խորհրդարանը որոշակի պատասխան պետք է տա, որը թուրքանպաստ պետք է չլինի», - նշեց Արա Սարաֆյանը:

Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG