Մատչելիության հղումներ

logo-print

Ռենե վան դեր Լինդենը հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ այցելել Ծիծեռնակաբերդ


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեռ Լինդենը Հայաստան ժամանելուց հետո առաջինը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրեցին նրանցից մի քանիսը, հանդիպման ընթացքում պարոն Վան դեր Լինդենը «ավելի լսում էր, քան խոսում», իսկ խոսակցության հիմնական նյութը եղել է Սահմանադրության բարեփոխումը:

«Ժողովրդավարություն» կազմակերպության ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի փոխանցմամբ, «ԵԽԽՎ նախագահը ուզում էր հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացման համար կա բարենպաստ մթնոլորտ, եւ արդյո՞ք այդ հանրաքվեն հաջողությամբ կպսակվի, եւ Հայաստանի Սահմանադրությունը կփոփոխվի»:

Ըստ Վարդան Պողոսյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշել են, որ հանրաքվեի դրվելիք նախագիծը բարեփոխելու լուրջ կարիք կա, եւ եթե ընդդիմության ու իշխանություների, երկրի հիմնական քաղաքական ուժերի միջեւ չլինի համաձայնություն, ապա
«հանրաքվեում այդ նախագիծը չի ընդունվի»:

Մատնանշվել է հանրաքվեի դրվելիք նախագծի բովանդակությունից բխող առնվազն 5 խնդիր, որոնց չիրականացման պայմաններում, ըստ Վարդան Պողոսյանի, «շատ դժվար է հավատալ, որ քաղաքական համաձայնություն ձեռք կբերվի»:

«Ես նշեցի կառավարության ձեւավորման, կառուցվածքի սահմանման խնդիրը, դատական իշխանության անկախության խնդիրը եւ այն հարցը, թե ինչքանով է հանրապետության նախագահը կաշկանդված Արդարադատության խորհրդի առաջարկներով: Արծարծվել է նաեւ մարզպետների նշանակման, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրության հիմնահարցը», - հայտնեց Վարդան Պողոսյանը:

«Եվրոպայի Խորհուրդը եւ մանավանդ Խորհրդարանական վեհաժողովը մեծ նշանակություն են տալիս քաղաքացիական հասարակություն տեսակետին եւ ես շատ ուրախ եմ, որ հայաստանյան իմ հանդիպումների շարքը սկսեցի նրանց ներկայացուցիչների հետ հանդիպմամբ», - հանդիպումից հետո ասաց Ռենե վան դեր Լինդենը:

«Այս հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք մի շարք հարցեր, եւ հատկապես ծանրացանք Սահմանադրության բարեփոխումների խնդրի վրա: Դա բաց, թափանցիկ քննարկում էր, որի ընթացքում հնչեցին անկեղծ մեկնաբանություններ: Բնականաբար, այստեղ ստացած տեղեկատվությունը ես կօգտագործեմ իշխանությունների ու ընդդիմության հետ հանդիպումների ժամանակ», - ամփոփեց ԵԽԽՎ նախագահը:

Նշենք, որ նրա աշխատանքային օրակարգում այսօր նախատեսված էր նաեւ այց Ծիծեռնակաբերդ, որտեղ Ռենե վան դեր Լինդենը ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հուշարձանին:

«Ես ցեղասպանության զոհերի հուշարձան եմ այցելում զոհերի նկատմամբ իմ ցավակցությունն արտահայտելու նպատակով: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իմ տեսակետին, ապա ուրախ եմ տեսնել, որ շարժում կա պրոբլեմների խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասաց ԵԽԽՎ նախագահը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG