Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմության հիմնական մասը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հարցով արտահերթ նստաշրջանին


«Արդարություն» դաշինքը ներկայացուցչական ամբողջ կազմով այսօր արձանագրեց, որ սահմանադրական փոփոխությունների իր սկզբունքային առաջարկները, ինչպես նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորման պահանջն իշխանական ուժերը չեն կատարել: Դրանով դաշինքը հանրաքվեին «այո» ասելու կոչի որեւէ հիմք չի տեսնում, բայցեւ՝ իր պատգամավորների հիմնական մասը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների քննարկմանը՝ Ազգային Ժողովի օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանում:

Քաղաքական ինը ուժերի դաշինքի տասնչորս պատգամավորներից այդ օրը խորհրդարան հաստատ չեն գնալու միայն «Հանրապետություն» կուսակցության երեք պատգամավորները:

Նիստից անմիջապես հետո կուսակցության խորհրդի նախագահ, պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ «Հանրապետության» պատգամավորները նիստին չեն մասնակցելու, քանի որ իրենք ունեն իրենց որոշումը: Դաշինքի պատգամավորները, ըստ Սարգսյանի, մասնակցելու են այդ նիստին եւ ներկայացնելու են իրենց մոտեցումները, «ինչը «Հանրապետությունը» ողջունում է»:

Այս պահի համար, փաստորեն, հօդս ցնդեցին կանխատեսումները, թե դեպքերի նման զարգացման դեպքում «Հանրապետություն»-ը դուրս կգա դաշինքից:

«Բավականին դրական գործընթաց, առաջընթաց եմ տեսնում դաշինքի այսօրվա նիստից, ինչը նաեւ ոգեւորող է: «Հանրապետություն» կուսակցությունը մնում է իր տեսակետին, եւ բարեբախտաբար, դաշինքի մեր գործըկերները հեռու չեն մեր արտահայտած տեսակետներից: Դաշինքը այսօր որեւէ պատճառ չի տեսնում Սահմանադրությանը «այո» ասելու», - հայտարարեց Արամ Սարգսյանը:

Քննարկմանը մասնակցելու մտադրություն ունեցողներին պատգամավորներից «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ արտահերթ նստաշրջանում դաշինքը հանդես կգա սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ հայտարարությամբ:

«Այսօրվա վիճակով ո’չ բովանդակային իմաստով, ո’չ վստահության հետ կապված մեր առաջարկությունները չեն ընդունվել: Դաշինքը որեւէ հիմք չի տեսնում սահմանադրական փոփոխությունների տարբերակին «այո» ասելու համար», - նշեց Վիկտոր Դալլաքյանը:

Ամիսներ շարունակ խորհրդարանական ընդդիմությունը Սահմանադրության սկզբունքային 3 փոփոխություն էր պնդում՝ որպես գործընթացին մասնակցելու նախապայման:

«Գործընթացին մասնակցելը շատ լայն հասկացություն է, քանի որ գործընթացին մասնակցելով, կարելի սահմանադրական բարեփոխումների տարբերակին ինչպես «այո», այնպես էլ «ոչ» ասել», - այս կապակցությամբ ասաց «Արդարություն» դաշինքի քարտուղարը:

Նա նաեւ հայտնեց, որ «ընդդիմությունը հարգել է Եվրախորհրդի կոչը՝ մասնակցել գործընթացին, եւ «Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում փորձելու է իր տեսակետները ներկայացնել հանրությանը»:

«Ես միանգամայն տրամաբանական եմ համարում, որ ընդդիմությունը օգտագործի խորհրդարանական ամբիոնը՝ ուղիղ եթերով ժողովրդին կոչ անելու «ոչ» ասել Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին», - ասաց Վիկտոր Դալլաքյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG