Մատչելիության հղումներ

Ամերիկյան հասարակական կազմակերպությունը պահանջում է քննել Հասթերթի նախընտրական արշավի նվիրատվությունների աղբյուրը


Այս շաբաթ «Քաղաքացիները հանուն Վաշինգտոնի պատասխանատվության եւ բարոյականության» ամերիկյան հասարակական կազմակերպությունը պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովին, պահանջելով պարզել, թե որտեղից է ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը 7 տարվա ընթացքում մոտ կես միլիոն դոլար ստացել իր նախընտրական արշավի համար:

Այս հայցի առիթը «Վենիթի ֆեյր» հեղինակավոր հանդեսի վերջին համարում տպագրված նյութն է: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյում թարգմանչուհի աշխատած Սայբել Էդմոնդսը այդ ամսագրում պնդում է, որ ինքը ձայնագրված հեռախոսային խոսակցություններ է թարգմանել թուրքերենից անգլերեն, որոնցից կարելի է ենթադրել, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակը մոտ կես միլիոն դոլարի նվիրատվություններ է ստացել օտարերկրյա քաղաքացիներից, մասնավորապես թուրքերից, որոնք փորձել են կանխել հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումը ամերիկյան Կոնգրեսում:

2000 թվականի հոկտեմբերին Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը պետք է քննարկվեր Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, սակայն վերջին պահին Դենիս Հասթերթը հանել է այն քննարկումից:

Հասթերթի խոսնակ Ջոն Մքգովերնը հայտարարել է, որ «հասարակական կազմակերպության պնդումներն անհիմն են, քանի որ Հասթերթը հայկական բանաձեւը հանել է Բիլ Քլինթոնի խնդրանքով, իսկ կազմակերպության շարժառիթն այն է, որ այն պատկանում է դեմոկրատների ճամբարին եւ պարզապես ուզում է վնասել հանրապետական Հասթերթին»:

Սակայն հասարակական կազմակերպությունը համոզված է, որ Միցյալ Նահանգների Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անպայման պետք է քննի այս գործը, որովհետեւ ընտրարշավի համար օտարերկրյա քաղաքացիներից փող ստանալը Ամերիկայում խստիվ արգելված է: Դրա գործադիր տնօրեն Մելանի Սլոանը գտնում է, որ «թարգմանչուհու պնդումներն արժանի են ավելի խորը ուսումնասիրման, քանզի Հասթերթը 1996-ից մինչեւ 2002 թվականը շափազանց շատ նվիրատվություններ է ստացել մինչեւ 200 դոլար գումարով, ինչը թույլ է տալիս չհրապարակել նվիրատուի անունը»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG