Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ օգոստոսին:

«Եթե կողմերը որեւէ համաձայնության գան արտգործնախարարությունների մակարդակով, ապա ստանցած տեղեկատվության հիման վրա նախագահները կարող են հրահանգ տալ՝ սկսել աշխատանքը որոշակի փաստաթղթի շուրջ», - ըստ «Թրենդ»-ի, նշել է Մամեդյարովը:

«Մենք որեւէ կոնկրետ փաստաթղթի վար չենք աշխատում, կողմերն առայժմ չեն հասել համաձայնագի մշակման փուլին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ավելացնելով, որ «այդ մասին խոսելը առայժմ շատ վաղ է»:

Մամեդյարովը նաեւ հաստատել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը առայժմ համաձայնության չեն եկել 7-9 տարրերի շուրջ: «Հարցի մանրամասները մնում են կոնֆիդենցիալ: Այդ տարրերի մասին խոսելը վաղաժամ է, քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է: Մարդկանց համար, ովքեր որոշակի տեղեկությունների բազա ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, առանց այն էլ պարզ է, թե ինչ տարրերի մասին է խոսքը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում նույնպես ասել էր, որ եկող շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու:

«Նույնիսկ եթե որեւէ պայմանավորվածություն ձեռք բերվի, դա դեռ չի նշանակում, որ այն անմիջապես կհրապարակվի եւ կդառնա հանրության սեփականությունը», - ասել է Մերզլյակովը եւ ավելացրել. - «Մենք գիտենք, որ էական կամ կոնկրետ պայմանավորվածություններ դեռեւս չկան»:

«Անգամ եթե որոշ հարցերի շուրջ կա փոխըմբռնում, դա դեռ չի նշանակում, որ այն վերաճել է պայմանավորվածության», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ռուսաստանցի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG