Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Երեւանի Մալաթիա, Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երկու ժամ խորհրդակցական սենյակում առանձնանալուց հետո վճռեց Եքթան Թյուքիլմազին մեղավոր ճանաչել Ղեւոնդ Ալիշանի 1855 թվականին հրապարակված գիրքը մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս բերելու, իսկ մյուս 88 մշակութային արժեքները՝ մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս բերելու փորձի մեջ:

Դատարանը որոշեց Եքթան Թյուրքիլմազի նկատմամբ «պատիժ նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով եւ չսահմանելով հսկողություն»:

Դատարանը նաեւ որոշեց Եքթան Թյուրքիլմազի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, եւ նրան անհապաղ ազատել դատական նիստերի դահլիճից: Գործով իրեղեն ապացույց ճանաչված 88 միավոր գրականությունը հանձնվում է Հայաստանի Հանրապետությանն՝ ի տնօրինություն: Իսկ Թյուրքիլմազից առգրավված համակարգիչը, լազերային սկավառակները, լուսանկարչական սարքը եւ բջջային հեռախոսը, դատարանի վճռով, վերադարձվելու է տիրոջը:

«Ուրախ եմ», - դատավճռի հրապարակումից անմիջապես հետո լրագրողներին ասաց Թյուրքիլմազը: - «Ես հայերի բարեկամն էի, ես հայերի բարեկամն եմ եւ պիտի շարունակեմ հայերի բարեկամը մնալ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք շարունակելու է աշխատել Հայաստանի արխիվներում, նա պատասխանեց. - «Այո: Վաղվանից պետք է սկսեմ»:

Եքթան Թյուքիլմազի գիտական թեզի ղեկավար, Միացյալ Նահանգների Դյուք համալսարանի պրոֆեսոր Օրին Սթառնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում իր գոհունակությունը հայտնեց դեպքերի նման զարգացումից:

Իսկ մինչ դատավճռի հրապարակումը մեղադրող Կորյուն Փիլոյանը մեղադրական ճառում որքան հռետորական ու խիստ էր՝ պնդելիս, որ դատարանը հիմնավոր ապացույցներ ունի ամբաստանյալին մեղավոր ճանաչելիս, այնքան մեղմ էր պատիժ առաջարկելիս: Նա նշեց, որ դատարանը պետք է հաշվի առնի կատարված հանցագործության բնույթը, այն, որ ամբաստանյալը նախկինում դատապարված չի եղել, դատարանում տվել է ճշմարտացի ցուցմունքներ, խոստովանել է կատարած հանցանքը:

«Գտնում եմ, որ այս իրավիճակում հնարավոր է ամբաստանյալի նկատմամբ սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ», - ասել էր Փիլոյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG