Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձակուրդից վերադարձած «Հայկական ժամանակ»-ը այսօրվա խմբագրականում իր մտորումներն է փոխանցել իշխանություն - ընդդիմություն այլընտրանքի վերաբերյալ. կա՞, արդյոք, Հայաստանի այսօրվա իշխանությանը այլընտրանք՝ ի դեմս ընդդիմության, եւ ընդդիմությանը այլընտրանք՝ ի դեմս իշխանության։ «Այս հարցը մեզանում երկար ժամանակ կոնկրետ պատասխան չունի», - գրում է թերթն ու շարունակում. - «Շատ դժվար է, ասենք, Անդրանիկ Մարգարյանին, Հովիկ Աբրահամյանին, Անդրանիկ Մանուկյանին պատկերացնել ընդդիմության դերում: Այս մարդիկ իրենց ողջ կյանքում ջանք ու եռանդ չեն խնայել իշխանությանը մոտ կանգնած լինելու համար, եւ իշխանությունը նրանց համար ոչ թե միջոց է, այլ պարզ նպատակ, քանի որ համարվում է փող շփելու ամենահուսալի տարբերակը»: Թերթի վերլուծությամբ, հայաստանյան իշխանական բուրգում ներգրավված անձանց 90 տոկոսը չեն կարող լինել ընդդիմություն. - «Նրանք կա՛մ չեն լինի արենայում, կա՛մ կլինեն միայն իշխանական կարգավիճակով»:

Վարչապետ Մարգարյանը երեկվանից մինչեւ օգոստոսի 28-ը արձակուրդի մեջ է եւ, նույն թերթի տեղեկություններով, իր հանգիստը գործարարների փոքր խմբի հետ անցկացնելու է Եվրոպայում։ Այդ ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը, ում վրա, ըստ «Իրավունք» թերթի, վարչապետը կարող է հույս դնել նույնիսկ «ոչ ստանդարտ իրավիճակներում»։ «Իրավունք»-ն այսօր նաեւ իր վարկածն է առաջադրել այն մասին, թե ինչու վարչապետը արձակուրդից վերադառնում է հենց օգոստոսի 29-ին. - «Հենց այդ օրը իր աշխատանքն է սկսում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որը պետք է քննարկի սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը։ Պարզ է, որ քննարկումը սկսելուն պես վարչապետի ներկայությունը հույժ կարեւոր է դառնում, քանզի պետք է ապահովել բոլոր հանրապետական պատգամավորների ներկայությունը այդ նստաշրջանին։ Չէ՞ որ սահմանադրական փոփոխություններ ընդունելը կոալիցիայի համար կենսական հարց է, քանի որ հակառակ պարագայում քաշվողը կլինի ոչ միայն եւ ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանը, որքան կոալիցիան, որ ստանձնել է այդ բարեփոխումների քաղաքական պատասխանատվությունը»։

Օգոստոսի 29-ի ԱԺ արտահերթ նիստին պատրաստվում է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը։ «Առավոտ»-ն այսօր այդ թեման զարգացնելով, փոխանցել է «Արդարություն» դաշինքի մի շարք կուսակցությունների ղեկավարների տեսակետերը, թե օգոստոսի 29-ին պետք է գնալ խորհրդարան ու քննադատել իշխանություններին։ Մասնավորապես, Հայաստանի դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի դիրքորոշումը հետեւյալն է. - «Մենք գտնում ենք, որ այդ օրը պետք է գնալ եւ ժողովրդին եւս մեկ անգամ ներկայացնել դաշինքի դիրքորոշումը: Եվ եթե մեր պահանջները չկատարվեն, ապա, իհարկե, մենք «ոչ» ենք ասելու այդ սահմանադրական փոփոխություններին: Մեզ հարկավոր չեն այնպիսի բարեփոխումներ, որոնք ավելի են ամրացնելու այսօրվա օլիգարխիկ իշխանությունը»:

«Իրավունք»-ը աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ շահերի անխուսափելի բախում է ուրվագծել վարչապետ Մարգարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միջեւ, որը, ըստ թերթի, հավակնություն ունի այդ ընտրություններին առանցքային դերակատարություն ունենալու։ Այս սցենարը հասկանալի համարելով, թերթը պարզաբանել է, թե համայնքային ընտրությունները հիմք են նախապատրաստելու խորհրդարանական ընտրությունների համար, այսինքն՝ նաեւ այս աշնանն է վճռվելու, թե ումից է բաղկացած լինելու խորհրդարանական մեծամասնությունը 2007 թվականին։ Ուստի արձակուրդից վերադառնալուն պես ե'ւ Անդրանիկ Մարգարյանին, ե'ւ ՀՀԿ-ին սպասվում են պայքարի ժամանակներ, որոնց ընթացքում, փաստորեն, պետք է կանխորոշվի ապագա վարչապետի անունը։

Համայնքների ղեկավարների պաշտոններում իրենց մարդիկ ունենալու խնդրում վարչապետի եւ պաշտպանության նախարարի շահերի հնարավոր բախման օրինակ է ներկայացրել «Առավոտ»-ը: Ըստ թերթի, մայրաքաղաքի Քանաքեռ - Զեյթուն համայնքի ղեկավարի սեպտեմբերի 18-ի ընտրություններում վարչապետը կողմնակից է գործող թաղապետ Ռուբեն Սինոյանին սատարելու տարբերակին։ Մյուս թեկնածուներից մեկին՝ «Սամարկ» ՍՊԸ նախագահ Արայիկ Քոթանջյանին աջակցում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը։ Վերջինս, հեռուստաընկերութուններից մեկին տված հարցազրույցում հավաստիացրել է, թե իր թիկունքին կանգնած է ժողովուրդը եւ որ իր անվանը զուգահեռ ուրիշ ոչ ոքի անունը չեն տալիս: Մինչդեռ, թերթը փոխանցում է համայնքի բնակիչներից շատերի կարծիքը, թե նրա ստվերային աջակիցը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է։

«Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ «Բամո» շինարարական հոլդինգը, որը ցանկություն է հայտնել գնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գործում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի տիկնոջ` Ռուսաստանի ամենահարուստ կնոջ՝ 1,5 մլրդ դոլար կարողություն ունեցող Բատուրինայի «տանիքի» ներքո: Ըստ թերթի, անցյալ հինգշաբթի նախատեսվում էր, որ Հայաստան են այցելելու ՌԱՕ-ԵԷՍ-ի նախագահ Չուբայսն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը՝ մեկը ԲԷՑ-երի, մյուսը՝ Մարզահամերգային համալիրի վաճառքի հարցերը Հայաստանի պատկան մարմինների հետ քննարկելու համար: Սակայն այդ այցն այդպես էլ տեղի չունեցավ: Ըստ թերթի, պատճառն այն է, որ նախորդ երկուշաբթի Հայաստանում են եղել Կրեմլի փորձագետները, որոնց վերլուծությունները ցույց են տվել, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունները հիմնականում պայմանավորված են «Գույք՝ պարտքի դիմաց» եւ այս գործարքներով: Թերթը փոխնացել է, թե փորձագետների նման եզրակացությունից հետո Կրեմլը արգելել է Չուբայսին եւ Լուժկովին Ռուսաստանի պետության անունից բանակցություններ վարել ու գործարքներ կնքել:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG