Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը հաստատել է պատգամավորության թեկնածուների ցուցակը


Երկուշաբթի օրը Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության վարչության նիստում հաստատվել է նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների ցուցակը:

«Ենի Ազերբայջանը», ըստ ANS-ի, իր թեկնածուներին առաջադրել է 125 ընտրատարածքներից 109-ում: Մնացած տեղամասերում պաշտպանելու է իր գաղափարները կիսող այլ կուսակցությունների ներկայացուցչների եւ Ադրբեջանում կշիռ ունեցող հասարակական գործիչների ու մտավորականների թեկնածությունը:

Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում են Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրեբան Ալիեւան, Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) ներկայիս խոսնակ, 77-ամյա Մուրթուզ Ալեսքերովը՝ իր երկու տեղակալներով, պատգամավորներ Ջալալ Ալիեւը (Հեյդար Ալիեւի եղբայրը), Մուսա Մուսաեւը եւ Ախադ Աբիեւը:

Ի դեպ, իշխող կուսակցության թեկնածուները կառաջադրվեն նաեւ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ձեւավորված «Աղդամի քաղաքային 118-րդ», «Լաչինի 120-րդ», «Քյալբաջարի 123-րդ», «Շուշի - Ֆիզուլի - Խոջավենդի 124-րդ», «Զանգիլան - Ղուբաթլիի 125-րդ» ընտրատարածքներում:

Իսկ «Խանքենդիի թիվ 122 ընտրատարածքում» «Ենի Ազերբայջան»-ը թեկնածու չի ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG