Մատչելիության հղումներ

Ադրբեջան ժամանելու դեպքում Մութալիբովը եւ Գուլիեւը կձերբակալվեն


Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը երկուշաբթի օրը Բաքվում կայացած ասուլիում հայտարարել է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը եւ խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը «կձերբակալվեն, եթե մուտք գործեն երկիր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով»:

«Նրանք որոնվող անձանց ցուցակում են հայտնվել դատարանի որոշման հիման վրա», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Գարալովը: - «Մութալիբովի եւ Գուլիեւի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող խոչընդոտել նրանց մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, միեւնույն ժամանակ, որպես պատգամավորության թեկնածու գրանցվելը նրանց չի ազատի ներկայացվող մեղադրանքներից»:

Գարալովը Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին, որտեղ ներկայումս բնակվում են Մութալիբովը եւ Գուլիեւը, մեղադրել է «երկակի ստանդարտներ» կիրառելու մեջ՝ նշելով, որ «Ադրբեջանը վաղուց է ներկայացրել երկու քաղաքական գործիչների էքստադիցիայի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»:

Ավելի վաղ ինչպես Այազ Մութալիբովը, այնպես էլ Ռասուլ Գուլիեւը հայտարարել էին, որ մտադիր են մասնակցել նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG