Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանի միջամտությունից հետո չեղյալ է հայտարարվել երթուղայինների ուղեվարձի բարձրացումը


Արձակուրդում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսնակ Վիտոր Սողոմոնյանի փոխանցմամբ, լսելով երթուղայինների թանկացման մասին, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջել է հիմնավորել կայացրած երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից 130 դրամ դարձնելու մասին որոշումը, եւ, քանի որ քաղաքապետը չի կարողացել լուրջ հիմնավորում տալ, նախագահը պահանջել է մեկ օրվա ընթացքում չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը՝ սակագինը դարձնելով 100 դրամ:

Երկուշաբթի օրը մայրաքաղաքի փոխքաղաքապետ Կամո Արեյանը լրագրողներին ասաց, թե երթուղային միկրոավտոբուսների փոխադրավարձերի թանկացումը «սոցիալական մեծ ցնցում առաջացրեց, եւ քաղաքապետը ստիպված եղավ չեղյալ համարել օգոստոսի 8-ին իր իսկ ընդունած որոշումը՝ շաբաթ օրը ստորագրելով 100 դրամ սակագնի վերասահմանման մասին նոր որոշում»:

«Բարձրացումից հետո եղել է բնակչության դժգոհությունը, ինչպես նաեւ այդ օրերի ընթացքում մոնիտորինգի է ենթարկվել նաեւ «Երեւանտրանս» ընկերության կողմից այդ սակագնի գործողության ամբողջ ընթացքը», - ասաց Արեյանը: - «Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաեւ հարցի վերաբերյալ եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի մտահոգությունը, եւ Երեւանի քաղաքապետի կողմից եղել է հանձնարարական՝ վերանայել այս որոշումը եւ սահմանել նախկին ուղեւորավարձը՝ 100 դրամ»:

Արձակուրդում է նաեւ քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ում՝ ուղեւորավարձի թանկացման մասին ընդունած որոշումն այսօր ամեն կերպ փորձում էր արդարացնել նրա տեղակալը՝ ասելով, թե հակառակ տնտեսվարողների պնդումներին՝ քաղաքապետը դժվարությամբ է գնացել սակագնի բարձրացման քայլին:

Դիտարկմանը, թե Երվանդ Զախարյանը մոտ 2 ամիս առաջ էր սկսել անձամբ խոսել երթուղայինների ուղեվարձի թանկացման մասին՝ ասելով, որ եթե տնտեսվարողներն առաջարկեն բարձրացնել սակագինը, ինքը կհամաձայնի, Արեյանը պատասխանեց, թե այդ խոսակցությունների հիմք են հանդիսացել տնտեսվարողների կողմից սակագնի բարձրացման մասին պարբերաբար հնչող առաջարկները:

Քաղաքապետարանը թանկացումը պատճառաբանում էր նաեւ քաղաքապետարանի միջոցներով ներմուծված մեծ մարդատար ավտոբուսների ուղեւորահոսքի մեծացման ակնկալիքով: Կամո Արեյանի փոխանցմամբ, ավտոբուսների ուղեւորների թիվն այդ օրերին իրոք ավելացել էր: Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, ապա այն իրոք շահագրգռված է, որ տրանսպորտի այդ միջոցը, պատկանելով պետական ընկերության, ավելի մեծ շահույթով աշխատի:

«Միակողմանի չի դրել քաղաքապետը՝ միայն ավտոբուսի էֆեկտիվ օգտագործում», - բացատրեց փոխքաղաքապետը: - «Շեշտը չի դրվել, որ ամեն ինչ անել՝ թողնել տրանսպորտի մյուս ձեւերը, բարձրացման ճանապարհով ապահովել ավտոբուսների մրցունակությունը կամ շահութաբեր աշխատանքը երթուղիներում»:

Հետագայում նման ցնցումներից խուսափելու համար, քաղաքապետի տեղակալի փոխանցմամբ, մշակվելու է երթուղային ցանցի եւ ընդհանրապես տրանսպորտի սակագների կարգավորման հայեցակարգ-ռազմավարություն:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG