Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գլխավոր դատախազը պնդում է, թե արմատականները հեղաշրջում են ծրագրում


Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը այսօր Բաքվում ասել է, թե իրավապահների տրամադրության տակ կան փաստեր, որոնք վկայում են «Ադրբեջանում ուժով իշխանափոխություն իրագործելու՝ արմատական շրջանակների մտադրության մասին»:

Գարալովը որեւէ անուն չի նշել եւ չի ասել, թե կոնկրետ որ կազմակերպությունն է իշխանափոխություն ծրագրում:

Միաժամանակ գլխավոր դատախազը նախազգուշացրել է, թե «իշխանությունները վճռական հակահարված կտան նախագահ Իլհամ Ալիեւին գահընկեց անելու ցանկացած փորձին»:

Ադրբեջանում նոյեմբերի 6-ին պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: Լրատվական գործակալությունները նշում են, որ իրավիճակը երկրում աստիճանաբար սրվում է: Անվտանգության ուժերն արդեն ձերբակալել են «Ենի ֆիքիր» («Նոր մտածողություն») երիտասարդական շարժման ղեկավար Ռուսլան Բաշիրլիին: Վերջինս մեղադրվում է արտասահմանից ստացած ֆինանսական միջոցներով հեղաշրջում ծրագրելու մեջ: Այդ ձերբակալությունից հետո Ադրբեջանում ցույցեր են անցկացրել մի շարք իշխանամետ կազմակերպություններ: Ընդդիմությունը, իր հերթին, հայտարարել է, թե իշխանությունները ցանկանում են ընտրությունները չեղյալ հայտարարելու առիթ գտնել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG