Մատչելիության հղումներ

logo-print

Թյուրքիլմազին դատապարտելը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարին


Մաքսանենգության փորձի մեջ մեղադրվող թուրք գիտնական Եքթան Թյուրքիլմազի նկատմամբ Երեւանում օրերս սկսված դատավարության թեմային լայնորեն անդրադառնում են ոչ միայն հայաստանյան, այլեւ թուրքական մամուլում:

Turkish Daily News թերթը երեկ անդրադարձել է նախագահ Քոչարյանին ուղղված մոտ 200 մտավորականների նամակին: Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի փոխանցմամբ, թուրքական մամուլում արձագանքները հիմնականում ոչ թե պաշտոնական, այլ մտավորական շրջանակներից են, ընդ որում՝ թե’ թուրք եւ թե’ թուրքահայ մտավորականների:

Նրա խոսքերով, այս օրերին Թուրքիայի խոշոր թերթերը ծավալուն հրապարակումներով անդրադարձել են թեմային՝ «ցավ ու ափսոսանք հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները այսքան խիստ միջոցի դիմեցին»:

Մտահոգությունը մեծ է հատկապես այն թուրք մտավորականների շրջանում, ովքեր մշտապես արտահայտվել են Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման օգտին: Նրանց կարծիքով, այս միջադեպը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերութունների բարելավման հեռանկարին: Առավել եւս՝ հաշվի առնելով, որ Եքթան Թուրքըլմազը հայտնի է իր հայանպաստ կեցվածքով:

Նախագահ Քոչարյանին ուղղված նամակի հեղինակների ճնշող մեծամասնությունը, Հատտեճյանի խոսքերով, «ընդհանրապես հայանպաստ կեցվացք ունեն»:

Հիմնական մտահոգությունը թերեւս գրքերի մաքսանենգության համար անհամարժեք խիստ պատիժն է: Հատկապես հաշվի առնելով, որ այդ գրքերը երիտասարդ գիտնականը ազատորեն ձեռք է բերել Հայաստանում:

«Իրեն վերագրված հանցանքը, մեզ նույնպես թվում է, թե այդքան ծանր հանցանք չէ», - ասաց Հատտեճյանը՝ ենթադրություն հնչեցնելով նաեւ, թե «այստեղ ուրիշ հարց կա», որ իրենց ծանոթ չէ, քանի որ ներկայացված մեղադրանքը «արժանահավատ չի թվում»:

Հարկ է հիշեցնել, որ նման խիստ պատիժը նախատեսվում է Հայաստանի քրեական օրենսգրքով, որտեղ մաքսանենգություն հոդվածով նույն՝ 4-ից 8 տարով ազատազրակման պատժաչափն է սահմանվում թե’ գրքերի եւ թե’, ասենք, զանգվածային բնաջնջման զենքի ապօրինի տեղափոխման համար:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG