Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամփոփելով կուսակցությունների վերագրանցման արդյունքները եւ ուրվագծելով առաջիկա քաղաքական դաշտի քարտեզը, «Իրավունք»-ն այսօր նկատել է, թե այժմ ձեւավորվում են բոլորովին նոր կուսակցական կառույցներ, որոնց մասին ոչ մի տեղ հրապարակավ չի հայտարարվում. - «Իշխանական խոհանոցին քաջածանոթ մարդկանց համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախընտրելի իրավահաջորդ Սերժ Սարգսյանը ձեւավորում են նոր հզոր կառույցներ, որոնք թեեւ իրենց խորքային էությամբ քաղաքական չեն, բայց, այնուամենայնիվ, մի գեղեցիկ օր սրընթացորեն գրանցվելու են որպես կուսակցություններ, եւ գրանցման իսկ պահից կախարդական փայտիկի շարժումով միանգամից ի հայտ են գալու տեխնիկայի վերջին խոսքով կահավորված գրասենյակներ եւ ստվարաթիվ կուսակցական շարքեր, որոնց շոշափելի տոկոսը բաղկացած է լինելու չինովնիկությունից»։ Սրանից «Իրավունք»-ի մեկնաբանը բխեցրել է, թե այս ամենի արդյունքում կոալիցիան եւ, առաջին հերթին, Հանրապետականը բոլոր տեսակի ընտրություններում տեղերում կորուստներ է ունենալու, «քանզի ե’ւ գյուղապետերը, ե’ւ թաղապետերը, ե’ւ ընդհանրապես տեղական բոլոր տեսակի պետական կառույցները գերադասելու են աշխատել տեղական ֆեոդալի փաստացի կարգավիճակ ունեցող օլիգարխի, քան ինչ-որ անհասկանալի կոալիցիոն կուսակցության օգտին»։ «Այնպես, որ օլգարխիկ քաղաքական բիզնես նախագծերը խոշոր հաշվով դանդաղ գործողության ական են կոալիցիայի տակ», - եզրակացրել է թերթի մեկնաբանը՝ չբացառելով, որ այդ ականի վրա պայթեն նաեւ դրա կնքահայրերը, քանզի «օլիգարխիայի համար չկան հավերժական կնքահայրեր, այլ կան հավերժական նյութական ու դոլարների քանակով հաշվարկվող շահեր, հանուն որոնց ափսոս չէ զոհաբերել ոչինչ եւ ոչ ոքի»։

Ասպարեզում մնացած հայաստանյան թերթերն այսօր շարունակել են արծարծել հնարավոր հեղափոխության թեման: «Առավոտ»-ը, մասնավորապես, փոխանցելով իրավապաշտպան Վարդան Հարությունյանի տեսակետը Հայաստանի եւ հեղափոխություն իրականացրած մյուս երկրների տարբերության մասին, գրել է. - «Ուկրաինայում եւ Վրաստանում կար ձգտում եւ կամք՝ իրականությունը փոխելու, իսկ մեր հանրապետությունում կա ձգտում, չկա կամք: Պատճառն այն է, որ հեղափոխական կարգախոսները պետք է ծնվեն հեղափոխության ընթացքում եւ ոչ թե հեղափոխությունից առաջ: Մերոնք սկզբից հայտարարում են կարգախոսներ, լոզունգներ, սկսում են ծառայել իրենց հայտարարած լոզունգներին՝ առանց որեւէ կոնկրետ գործողության»: Իրավապաշտպանը թերահավատորեն է գնահատել հեղափոխություն անելու հարցում ներկայիս ընդդիմության հնարավորությունները. - «Մեկ անգամ այս ընդդիմությանը տրվել էր հնարավորություն օրինական ճանապարհով վերցնել իշխանությունը, նրանք այդ հնարավորությունը կորցրին, ձեռքից բաց թողեցին, ժողովուրդը գնաց նրանց ետեւից, գնաց մինչեւ վերջ: Ընդդիմությունը, սակայն, չկարողացավ տնօրինել իրեն ընձեռված հնարավորությունը, եւ բնական է, որ այդ հնարավորությունը այլեւս նրանք չունեն»:

Նույն թերթում զարգացնելով հեղափոխությանը ընդդիմության անպատրաստ լինելու թեման՝ «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը կարծիք է հայտնել, թե խոսքը միայն ժամկետներ նշելն ու սարսափազդու հայտարարությունները չեն: «Հեղափոխությունը սիրում է նախադրյալներ», - արձանագրել է երբեմնի հեղափոխականը: - «Եթե դրվում են իշխանական ռեսուրս եւ հեղափոխական նախադրյալներ՝ այս պահին իշխանական ռեսուրսն ավելի ծանր է կշռում: Հատկապես, որ մեր ժողովուրդն իսկապես դուրս է եկել հեղափոխական շրջանից: Իսկ հեղափոխությունը նաեւ ռոմանտիզմ է պահանջում հասարակական շրջանակներում՝ գնալ պայքարի, հանուն որի կարելի է եւ զոհվել: Ներկայումս, իշխանությունների ջանքերով, բոլորս շատ իրապաշտ ենք դարձել: Մարդկանցով, ովքեր զբաղված են ամենօրյա կենցաղային հարցեր լուծելով, դժվար է հեղափոխություն անել»։

Հայաստանում հեղափոխության հնարավորություն չի տեսնում նաեւ իշխող ճամբարը ներկայացնող Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: «Իրավունք»-ին տված հարցազրույցում այդ կապակցությամբ նա այսօր ասել է. - «Հայաստանում, որքան էլ ցավալի է, կան մարդիկ, ովքեր 7 երգ գիտեն, յոթն էլ հեղափոխության մասին։ Այդ մարդիկ սակայն չեն պատկերացնում, թե ինչ է հեղափոխությունը եւ ինչպիսի նախադրյալներ են պետք դրա համար։ Ցավոք, այդ հարցում նույն պարզունակ մոտեցումն է, ինչ մնացած բոլոր խնդիրներում»։

Մամուլի էջերից չի իջնում քաղաքային տրանսպորտի ուղեւվարձի թանկացման թեման: Այդ կապակցությամբ «Իրավունք»-ը, գրելով, թե 130 դրամի բնագիծը նվաճված է, կանխատեսել է, որ «առջեւում 150 եւ 200 դրամն է»։ Այդուհանդերձ թերթի համար անհասկանալի է մնում, թե սակագները ինչ հիմնավորումով բարձացվեցին։ Այս հարցի պատասխանը փորձել է տալ «Առավոտ»-ի խմբագրականը. - «Երթուղային տաքսիների բիզնեսը Հայաստանի բավականին եկամտաբեր բիզնեսներից մեկն է, եւ «գծերի տերերը» պատահական մարդիկ չեն՝ այդ բիզնեսով չեն խորշում զբաղվել նախարարներ, գեներալներ, պատգամավորներ, օլիգարխներ: Եվ ահա այդ ամբողջ «վերնախավը»՝ հավանաբար մտածելով, թե բավականաչափ շատ եկամուտներ «չի քամում» երթուղային գծերից, որոշել է մի քիչ էլ հարստանալ թոշակառուների հաշվին: Մերժել այդ ազդեցիկ մարդկանց պահանջը քաղաքապետարանը չի կարող», - եզրակացրել է «Առավոտ»-ի խմբագիրն ու գնահատել. - «Երթուղայինների գների բարձրացումն ընդհանրապես անբարոյական քայլ էր այն մարդկանց նկատմամբ, որոնց եկամուտը 15-20 հազար դրամ է, եւ ամսական հավելյալ 2-3 հազար դրամի կորուստը շոշափելի է այդ քաղաքացիների ընտանեկան բյուջեի համար: Գներ կան, որոնք սոցիալական այս պայմաններում չի կարելի բարձրացնել: Մի բան է, երբ թանկանում է VIP ծառայության «Լիմուզինի» ժամավարձը կամ շքեղ ռեստորանում մատուցվող թառափը։ Այլ բան է՝ հացը կամ երթուղային տաքսին: Վերջինս այլընտրանք չունի՝ ավտոբուսները «ծածկում են» երթուղիների չնչին մասը, չօգտվել տրանսպորտից՝ միլիոնանոց քաղաքի բնակիչը չի կարող»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG