Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից կբարձրանա քաղծառայողների աշխատավարձը


Կառավարության նիստում այսօր որոշում է ընդունվել եկող տարվա հունվարի 1-ից բարձրացնել քաղաքացիական ծառայողների նվազագույն աշխատավարձը՝ ներկայիս 20 հազար դրամից հասցնելով 30 հազար դրամի։

Նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Վահան Սիմոնյանը հույս հայտնեց, թե աշխատավարձի ավելացումը կբարձրացնի ավելի քան 7200 պետական քաղաքացիական ծառայողների բարեկեցությունը:

«Մենք աշխատող մարդու բարեկեցիկ պայմանները ապահովելու խնդիր ենք դրել», - տեղեկացրեց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ քաղծառայողների աշխատավարձի բարձրացումը եկող տարվա բյուջեից 1,5 միլիարդ դրամի հավելյալ ծախս կպահանջի։ Քաղծառայության համակարգում այսօր միջին աշխատավարձը շուրջ 60 հազար դրամ է։

Ասուլիսին մասնակցում էր նաեւ նույն նախարարության Աշխատանքի բաժնի պետ Գագիկ Բլեյանը, ում փոխանցմամբ
կառավարությունն այսօրվա որոշումներով սահմանել է երկարացված՝ մինչեւ 35 օր տեւողությամբ (բացառիկ դեպքերում՝ նաեւ մինչեւ 48 օր տեւողությամբ) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը։ Որոշումը վերաբերում է հիմնականում մանկավարժներին, դասախոսներներին եւ գիտնականներին:

Հունիսի 21-ին ուժի մեջ մտած նոր Աշխատանքային օրենսգրքի համաձայն, Հայաստանում առնվազն 6 ամսվա անընդմեջ աշխատանքային ստաժի առկայության դեպքում նախատեսվող ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը 28 օրացուցային օր է։

Կառավարությունն այսօր սահմանել է նաեւ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը եւ նրանց արձակուրդի նվազագույն տեւողությունը, ինչպես նաեւ ծանր պայմաններում աշխատողներին (լեռնարդյունաբերություն, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG