Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել, կարելի է համարել, որ ոչինչ համաձայնեցված չէ»


«Օգոստոսի 24-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ առանձնատանը տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը», - ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Դիվանագետը նշել է, որ հանդիպումը կայանալու է սովորական ձեւաչափով՝ 3 համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եւ նրանց տեղակալների մասնակցությամբ: Մերզլյակովը հրաժարվել է մանրամասնել հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը ասել է, որ ամբողջության համաձայնեցված փաստաթուղթ առայժմ գոյություն չունի: «Սկզբունքը հետեւյալն է՝ քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել, կարելի է համարել, որ ոչինչ համաձայնեցված չէ: Սակայն գոյություն ունի զգալի փոխըմբռնում, կողմերի դիրքորոշումները որոշ տարրերի շուրջ ավելի մոտ են, եւ մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ», - ասել է դիվանագետը:

Հարցին, թե խաղաղ համաձայնագիրը ստորագրվելու է ամբողջությա՞մբ, թե՞ առանձին համաձայնեցված տարրերի շուրջ, Մինսկի խմբի համանախագահը պատասխանել է. - «Մենք առայժմ այնքան մոտ չենք դրան: Առայժմ այդ փուլը չէ»:

Այս կապակցությամբ ANS-ը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը ավելի լավատես էր, երբ հայտարարեց, որ «խաղաղ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG