Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում դատապարտել հարձակումները ընդդիմության վրա


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը չորեքշաբթի օրը տարածել է հայտարարություն, որով կոչ է արել երկրի իշխանություններին՝ «դատապարտել հարձակումները ընդդիմության վրա եւ ապահովել առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար ընթացքը»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունները պետք է դատապարտեն նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «անհիմն հարձակումները առանձին կուսակցությունների եւ քաղաքական գործիչների նկատմամբ»:

«Լուրջ մեղադրանքները պետք է ներկայացվեն դատարանում, այլ ոչ թե մամուլում: Մենք ակնկալում ենք, որ Ռուսլան Բիշարլիին Գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեղադրանքի կապակցությամբ Ադրբեջանի իշխանությունները կանցկացնեն արդար եւ անաչառ հետաքննություն» - ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, որբ Ադրբեջանի իշխանամետ կուսակցությունները հարձակումների շարք են սկսել ընդդիմադիր կուսակցության դեմ, որի երիտասարդական թեւի առաջնորդը անցած շաբաթ ձերբակալվել էր «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով:

Բողոքի ցույցերը Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության դեմ սկսվել են անցած շաբաթավերջին, երբ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարեց ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) եւ Հայաստանի գաղտնի ծառայությունների աջակցությամբ «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով կուսակցության երիտասարդական թեւի («Ենի ֆիկիր» (Նոր մտածելակերպ) կուսակցության) առաջնորդ Ռուսլան Բաշիրլիի ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG