Մատչելիության հղումներ

Օգոստոսի 9-ից Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ 30 դրամով բարձրացվել է մայրաքաղաքում միկրոավտոբուսների ուղեվարձը՝ հասնելով 130 դրամի:

Այսօրվանից ուժի մեջ մտած որոշումը հարուցել է միկրոավտոբուսների ինչպես վարորդների, այնպես էլ ուղեւորների դժգոհությունը:
Ուղեւորները դժգոհ են, քանի որ ստիպված են լինելու 30 դրամով ավելի վճարել, իսկ վարորդները մտավախություն ունեն, որ ուղեւորներ կկորցնեն:

Քաղաքապետարանի համապատասխան բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Սսատրյանի մեկնաբանությամբ, որոշումը ոչ թե Երվանդ Զախարյանի նախաձեռնությամբ է ընդունվել, այլ՝ ուղեւորափոխադրումների իրականացնող տնտեսվարող սուբյեկտների: Նրա խոսքերով, ուղեվարձը բարձրացնելու խնդրանքով քաղապետարան էին դիմել 57 տնտեսվարող կազմակերպություններ՝ պատճառաբանելով, որ թանկացել են վառելանյութը, պահեստամասերը, մեքենաների տեխնիկական սպասարկումը:

«Եթե ճիշտն ասենք՝ վաղուց դա կարելի էր անել, բայց ուղղակի հաշվի էինք առնում բնակչության սոցիալական վիճակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ասատրյանը:

Միկրոավտոբուսների վարորդները, մինչդեռ, բացառում են, թե երթուղիները շահագործող տնտեսվարող սուբյեկտները նման ցանկություն ունեն:

«Բացառվում է», - ասաց նրանցից մեկը: - «Քաղաքապետարանն է այդ որոշումը ընդունել»:

Հայաստանյան մամուլում, սակայն, ավելի վաղ հրապարակումներ են եղել, թե ուղեվարձի բարձրացումը հետապնդում է վերջերս ձեռք բերված 50 բելառուսական «Բոգդան» ավտոբուսների շահագործումը շահութաբեր դարձնելու նպատակ: ԱՊՀ միջպետական բանկի վարկով ձեռք բերված այդ ավտոբուսները մինչեւ այժմ չեն ապահովում սպասված շահույթը եւ «Ավտոբուս» փակ բաժնետիրական պետական ընկերությունը չի կարողանում փակել վարկը, ինչի համար աշխատանքից ազատվել է ընկերության ղեկավարներից մեկը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG