Մատչելիության հղումներ

Երեւանում սկսվեց մաքսանենգության մեջ մեղադրվող թուրք գիտնականի դատավարությունը


Երեքշաբթի օրը Երեւանի Մալաթիա - ֊Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, սկսվեց ու կարճ ժամանակ անց ընդմիջվեց մաքսասնենգության փորձի մեջ ամբաստանվող Թուրքիայի քաղաքացի Եքթան Թյուրքիլմազի դատավարությունը:

Դատավարությունը ընդմիջվեց Թյուրքիլմազի շահերի պաշտպաններից Հրայր Ղուկասյանը միջնորդությամբ: Ղուկասյանը խնդրեց իրեն ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 12-ին:

Նախկինում դատվածություն չունեցած, 33֊-ամյա ամբաստանյալ, Թուրքիայի քաղաքացի գիտնականը, թեեւ վարժ տիրապետում է արեւմտահայերենին, նախընտրել էր թարգմանչի միջոցով պատասխանել հարցերին:

Դահլիճը մեծ էր, սակայն ներկաներն այնքան էլ շատ չէին՝ իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչներ, Եթքանի Թյուրքիլմազի ընկերներից, լրագրողներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ առանձին զրույցում պետական մեղադրող Կորյուն Փիլոյանը հարցին, թե արդյո՞ք նախաքննության մարմինը խիստ մեղադրանք չի ընտրել նման արարքի համար, պատասխանեց. - «Դուք ճիշտ չեք նայում ընդհանրապես խնդրին»:

Նրա համոզմամբ, Թյուրքիլմազի արարքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի հենց այդ հոդվածին, որով նախատեսվում է 4-8 տարի ազատազրկում: Դիտարկմանը, թե նույն հոդվածի առաջին մասով մշակութային արժեքների տեղափոխումը առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, պատժվում է տուգանքով կամ առավելագույնը հինգ տարի ազատազրկմամբ, Փիլոյանը պատասխանեց, թե դրան կանդրադառնա դատական նիստի իր ելույթում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այցելել է Եքթանին «Երեւան-֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում: Իշխանյանը ասաց, որ մեկուսարանում «արտառոց» ոչինչ չի նկատել, եւ Թյուրքիլմազը բողոքում էր միայն մեկուսացման փաստից:

«Կարծում եմ, սա այն դեպքը չէ, որ պետք է Եքթանին նայել որպես հանցագործ», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցարզւոյցում երեկ Եքթան Թյուրքիլմազի մայրը՝ Գյուլսիմ Թյուրքիլմազը, հույս էր հայտնել, որ իր որդուն ազատ կարձակեն: Ավետիք Իշխանյանը այս կապակցությամբ ասաց. - «Քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնցով միշտ կարելի է բարի կամքի դրսեւորման դեպքում ազատ արձակել: Ես չեմ ասում՝ արդարացնել, բայց ազատ արձակելը լրիվ այլ հարց է: Նաեւ ես չեմ ուզում ասել քաղաքական կամք. բարի կամքի դրսեւորում պիտի լինի այստեղ Հայաստանի իշխանությունների կողմից»:

«Սա այն դեպքն է, երբ պետք է նկատի ունենալ այդ մարդու անձը՝ որպես գիտնական», - շարունակեց Իշխանյանը: - «Նաեւ՝ նրա գործունեությունը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործում: Հատկապես այն գործում, որում Հայաստանի իշխանությունները շահագրգռված են՝ որ Թուրքիայի կողմից ճանաչվի Հայոց ցեղասպանությունը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG