Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 6-ը օգոստոսի)

Դրական պատասխանելով «Հայոց աշխարհ»-ի հարցին, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանության խնդիրը մնում է Եվրամիությանը անդամակցել ցանկացող Թուրքիայի նկատմամբ պահանջների օրակարգում՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը դա նաեւ կապել է հայ-թուրքական սահմանի բացման հետ. - «Հարեւան երկրի նկատմամբ շրջափակման գործելակերպ դրսեւորող պետությունը չի կարող լինել եվրոպական համայնքի անդամ։ Մանավանդ որ այդ հարեւանը՝ Հայաստանը, «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում է ընդգրկված», - փաստարկել է Մկրտչյանն ու նկատել. - «Եթե հայ-թուրքական սահմանը բացվում է, կնշանակի Թուրքիայում սկսվել է մտածողության փոփոխություն, որովհետեւ սահմանի բացումը տնտեսապես իրենց է ավելի ձեռնտու։ Բայց, եթե տնտեսական շահից հրաժարվելով՝ սահմանը պահվում է փակ, նշանակում է Թուրքիան բոլորովին էլ եվրոպական արժեքային համակարգին հարիր փոփոխությունների ուղիով չի զարգանում»։

«Հայոց աշխարհ»-ն այսօր փոխանցել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանի տեսակետերը սահմանադրական փոփոխությունների հարցում իշխանության եւ ընդդիմության փոխհարաբերությունների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադառնալով ընդդիմադիր կուսակցութունների խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու խնդրին Մինասյանն ասել է. - «Վատ նախադեպ է, երբ արտաքին ազդեցության առկայությունը պետք է որոշի՝ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան ու կատարի մանդատով իրեն վերապահված գործառույթները կամ ոչ։ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները քվե են տվել ընդդիմությանը, որի արդյունքում նա ստացել է մանդատներ։ Եվ, բնականաբար, դրանից ելնելով՝ անելիք ունի խորհրդարանում»։ «Չեմ կարծում, որ գրեթե երկու տարվա բոյկոտից մեր քաղաքացիները գոհ են, երբ ընտրողների քվեները ստացած մարդիկ իրենց հոգսերին լուծումներ տալու ուղղությամբ օրենսդրական աշխատանք չեն իրականացնում՝ քաղաքական պատճառաբանություններով», - եզրակացրել է հանձնաժողովի նախագահը։

Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովաննիսյանը «Առավոտ»-ին է փոխանցել իր կարծիքը Սամվել Բաբայանի կողմից քաղաքական կուսակցություն հիմնելու քայլերի վերաբերյալ. - «Ես գտնում եմ, որ Սամվել Բաբայանը ՀՀ քաղաքացի չէ, ես անձնապես Սամվել Բաբայանի անձի դեմ ոչինչ չունեմ, ես միշտ գնահատել եմ նրա՝ ժամանակին կատարած գործողությունները ազատագրական շարժման ընթացքում: Բայց դա չի նշանակում, որ քաղաքականությունն այն դաշտն է, որ բոլորը պիտի մտնեն՝ սեփական խնդիրները լուծելու կամ սեփական ամբիցիաների համար: Ցավոք, հենց դրա արդյունքն է, որ այսօր Հայաստանում քաղաքական դաշտն այդքան ցեխոտ է», - ասել է կուսակցության նախագահը ու վկայակոչել Սահմանադրությունը, ուր հստակ գրված է, որ ՀՀ ոչ քաղաքացիներն իրավունք չունեն Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվել: «Իհարկե, սա մի քանի անգամ խախտված է: Վերջերս Բաբայանն ասաց, որ ինքը նույնքան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որքան Ռոբերտ Քոչարյանը: Եթե այս տրամաբանությամբ շարունակվի, այդ տրամաբանությամբ երկիրը զարգացնենք, ապա համարեք՝ այս երկիրը վերջացավ: Կարծում եմ, սա պիտի գիտակցի նաեւ Սամվել Բաբայանը», - եզրակացրել է Հովհաննիսյանը:

Երեւանի նախկին քաղաքապետ, «Արմատ» կենտրոնի անդամ Վահագն Խաչատրյանը «Առավոտ»-ի այսօրվա համարին է փոխանցել Վրաստանից ստացած թարմ տպավորությունները: Մասնավորապես, «վարդերի հեղափոխությունից» հետո տեղի ունեցած փոփոխությունների առնչությամբ Խաչատրյանն ասել է. - «Չեմ ուզում ասել, որ այնտեղ կյանքը միանգամից լավացել է, չեմ ասում, որ մարդիկ հավատում են, թե միանգամից կյանքը պիտի փոխվի: Այդուհանդերձ, հեղափոխության ժամանակ հնչած խոստումները, պարզվեց, աստիճանաբար կյանքի են կոչվում, եւ Վրաստանի քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում այդ փոփոխությունները: Տարբերությունը երկու տարի առաջվա եւ այսօրվա Վրաստանի միջեւ ակնառու է, եւ նրանք, ովքեր մտածում են, թե նույնին կարելի է հասնել նաեւ Հայաստանում՝ առանց հեղափոխության, սխալվում են: Սահակաշվիլին եւ նրա թիմը Վրաստանում փոխել են համակարգը: Հայաստանում էլ այս համակարգը չի կարող երկար գոյատեւել, ճիշտ այնպես, ինչպես չէր կարող երկար գոյատեւել նույն Շեւարդնաձեի համակարգը, որն ապրում էր միայն իր համար՝ ամբողջ երկիրը ծառայեցնելով իր շահերին», - կանխատեսել է Խաչատրյանը։

Հեղափոխական թեմայի նկատմամբ քիչ այլ հայացք ունի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինը: «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում համադրելով վրացական եւ ղրղըզական հեղափոխությունները, դեսպանն ասել է. - «Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում եւ Ղրղըզստանում, կարծես թե նույն՝ «գունավոր հեղափոխությունների» շղթայի օղակներն էին: Այդ իրադարձությունները ավելի շուտ «սերնդափոխության» դրսեւորում էին, երբ «հին» ղեկավարությունը հեռանում է՝ իր տեղը զիջելով բարեփոխիչներին: Հայաստանը, նաեւ, ի դեպ, Ռուսաստանը, այդ փուլը ավելի վաղ են անցել: Ընդհանուր առմամբ, էվոլյուցիոն, «ոչ բռնի» ժողովրդավարությունը միշտ ավելի նախընտրելի է, քան հեղափոխական ցնցումները, որ անխուսափելիորեն ուղեկցվում են բռնությամբ, հաճախ՝ արյունահեղությամբ, ղրղըզական իրադարձությունների պարագայում՝ ալան-թալանով: Ուստի անձամբ այն կարծիքի եմ, որ ցանկացած իշխանափոխություն լավ է, երբ տեղի է ունենում բնականոն քաղաքական գործընթացի շրջանակում»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG