Մատչելիության հղումներ

Իշխանամետ կուսակցությունը պահանջում է «պերսոնա նոն-գրատա» հայտարարել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանին


Իշխանամետ «ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչերը շաբաթավերջին պահանջել են, որ դադարեցվի Ադրբեջանում Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) գործունեությունը, որն ըստ կուսակցության՝ «Արեւմուտքի գործակալների ցանց է»: «ժամանակակից Մուսավաթ»-ը պահանջել է նաեւ «պերսոնա նոն-գրատա» հայտարարել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշին:

ԱՄՆ ժողովրդավարության ազգային ինստիտուտը (NDI) հերքել է Ադրբեջանում հեղափոխություն նախապատրաստելու մեղադրանքները:

«Մենք դասընթացներ են անցկացնում եւ աջակցում ժողովրդավարական քաղաքական կազմակերպություններին աշխարհի 50 երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում: NDI-ը որոշել է շարունակել աշխատանքն ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը աջակցող բոլոր քաղաքական ուժերի հետ: Բոլոր մեղադրանքները, որոնք հակասում են նշված գաղափարներին, չեն արտացոլում իրականությունը», - ասված է հայտարարության մեջ:

Իսկ Ռինո Հարնիշը, ըստ «525-րդ թերթ»-ի, ասել է. - «Ինչ վերաբերում է ձերբակալված Ռուսլան Բաշիրլիի եւ NDI-ի «կապերին», ապա այդ հարաբերությունները քննարկվել են Մադլեն Օլբրայթի եւ Պոլա Դոբրյանսկիի Բաքու կատարած այցերի ժամանակ: Այդ հարաբերությունները քննարկվելու են նաեւ կոնգրեսական Լուգարի առաջիկա այցի ընթացքում»:

Շաբաթ օրը բազմամարդ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բաքվում Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության գրասենյակի մոտ, որի երիտասարդական թեւի («Ենի ֆիկիր» (Նոր մտածելակերպ) կուսակցության) առաջնորդ Ռուսլան Բաշիրլին անցած շաբաթ ձերբակալվել էր «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով:

Ցուցարարները գրասենյակի ուղղությամբ նետում էին նեխած ձվեր, այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը՝ Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ Ռուսլան Բաշիրլիի ենթադրյալ համագործակցության դեմ: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ցուցարարների գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության միջամտությունից հետո:

Իսկ «Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ նույն օրը հարձակման է ենթարկվել Ազգային ճակատ կուսակցության Նախիջեւանի գրասենյակը՝ մոտ 25 մարդ ներխուժել են գրասենյակ, ծեծի ենթարկել այդ պահին այնտեղ գտվող կուսակցության 10 անդամներին եւ կոտրել գրասենյակի գույքը:

Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության, Ռուսլան Բաշիրլին ձերբակալվել էր օգոստոսի 3-ին՝ «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով: Նա մեղադրվում է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) եւ Հայաստանի գաղտնի ծառայությունների աջակցությամբ Ադրբեջանի կառավարությանը տապալելու փորձի մեջ:

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունում կայացած քննարկման ժամանակ մասնակիցները պահանջել են փակել Ադրբեջանի ազգայի ճակատ կուսակցությունը, քանի որ այն ֆինանսավորվում է «օտարերկրա աղբյուրներից»:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը ուրբաթ օրը կտրականապես հերքել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության պնդումները՝ դրանք որակելով «ծիծաղելի եւ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG