Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Սահմանադրության բարեփոխումները Հայաստանում կընդունվեն


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հուսով է, որ երկրի Սահմանադրությունը բարեփոխելու՝ Հայաստանի իշխանությունների ջանքերը կպասկվեն հաջողությամբ եւ աշնանը կայանալիք հանրաքվեի ժամանակ ժողովուրդը «այո» կասի սահմանադրական փոփոխություններին:

«ԵԱՀԿ-ն ողջունում է փաստը, որ հայկական կողմը ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առաջարկների զգալի մասը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի առաջարկները», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը:

«Սա չի նշանակում, որ մենք բավարարված ենք բոլոր փոփոխություններով: Ոչ բոլոր առաջարկներն են հաշվի առնվել», - շարունակեց դեսպան Պրյախինը՝ նկատի ունենալով, մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը կարգավորող մարմինների անդամների ավելի թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությանը վերաբերող առաջարկը: Ներկայումս դրանց անդամներին նշանակում է երկրի նախագահը:

«Այս ուղղությամբ առաջընթաց կա. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների մի մասին պետք է նշանակի խորհդարանը», - ասաց Պրյախինը՝ վերապահելով. - «Բայց՝ միայն անդամների մի մասին: Եվ հետո [Ազգային ժողովը] չի կարող նշանակումներ անել հանրային հեռուստառադիոխորհրդում: Այստեղ կան հարցեր, որոնք պատասխանների կարիք ունեն»:

Ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունների քննարկմանը մասնակցել-չմասնակցելու հարցի կապակցությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ասաց. - «Հայաստանում ընդդիմությունը պառակտված է: Մի կողմից, «Արդարություն» դաշինքը նշում է, թե լավ կլինի, որ մասնակցեն բարեփոխումներին քաննարկմանը, մյուս կողմից, դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է դրան»:

Պրյախինի խոսքերով, սահմանադրական բարեփոխումների ընդունումը կնշանակի, որ Հայաստանը «ժողովրդավարության առումով առաջընթաց քայլ է անում»: «Եթե ընդդիմությունը իր կողմնակիցների կոչ անի դեմ քվեարկել կամ բոյկոտել հանրաքվեն, փոփոխությունները չեն ընդունվի, եւ կունենանք 1995 թվականի Սահմանադրությունը, որը չի արտացոլում ազգի ներկայիս պահանջմունքները: Ուստի կոչ եմ անում բոլոր կողմերին սթափ գնահատել իրավիճակը»:

Հայաստանում հեղափոխության կամ իշխանափոխության հնարավորության վերաբերյալ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն ասաց, թե ինքը «էվոլյուցիոն զարգացման կողմնակից է եւ դեմ է բռնություններին»: Իսկ հեղափոխությունը, ըստ նրա, «ենթադրում է բռնություններ»:

Նրա համոզմամբ, Հայաստանում այսօր առկա են առանց բռնությունների ժողովրդավարական բարեփոխումների հասնելու համար անհրաժեշտ պայմանները:

«[Հայաստանցիների] ճնշող մեծամասնությունը համոզված չէ, թե այն ուժերը, որոնք կգան իշխանության, կկարողանան բարելավել իրենց վիճակը», - ասաց Վլադիմիր Պրյախինը՝ եզրակացնելով. - «Ուստի, դասական իմաստով, Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG