Մատչելիության հղումներ

5 թուրք զինվորական է զոհվել թուրք-իրաքյան սահմանային պահակակետում


Թուրքական բանակի 5 զինվորականներ են զոհվել ուրբաթ օրը Իրաքի հետ սահմանային Հաքյարի նահանգի Սեմդինլի քաղաքի մոտ պահակակետի վրա արձակված հրթիռի պայթյունից:

Վկայակոչելով թուրքական NTV հեռուստաընկերությունը՝ «Ֆրանսպրես»-ը հաղորդում է, որ հրթիռն ընկել է սահմանամերձ պահակակետի վրա, որտեղ այդ պահին գտնվող 5 զինծառայողները զոհվել են: Պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել, որը տեւել է 15 րոպե: Հարձակվողների հաջողվել է փախչել, իսկ փոխհրաձգության արդյունքում վիրավորված 7 զինծառայողներին ուղղաթիռով տեղափոխել են Հաքյարիի զինվորական հոսպիտալ:

Նահանգում սկսվել են ահաբեկիչների որոնման լայնածավալ գործողություններ: Ըստ նախնական տեղեկությունների, հարձակումը իրականացրել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները:

Հուլիսի սկզբին հայ-թուրքական սահմանի անմիջական հարեւանությամբ գտնվող Դիգոր ավանում խոշոր ընդհարում էր տեղի ունեցել քուրդ զինյալների եւ թուրքական բանակի միջեւ: Ըստ Դիգորի քաղաքապետ Հիքմետ Օզյունլույի, հարձակումը իրականացվել է այստեղ գտնվող հետեւակային գումարտակի վրա: Այն ժամանակ, ըստ միջազգային գործակալությունների, զոհվել էին թուրքական բանակի 6 եւ վիրավորվել 12 զինվորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG