Մատչելիության հղումներ

Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի երիտասարդական ընդդիմադիր «Ենի ֆիկիր» (Նոր մտածելակերպ) կուսակցության առաջնորդ Ռուսլան Բաշիրլին: Նա մեղադրվում է ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության եւ Հայաստանի գաղտնի ոստիկանության աջակցությամբ Ադրբեջանի կառավարությանը տապալելու փորձի մեջ:

«Ֆրասնսպրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի Գլխավոր դատախազության հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաշիրլին ձերբակալվել է օգոստոսի 3-ին՝ «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով:

Ըստ դատախազության, ձերբակալության առիթ է հանդիացել կուսակցության մեկ այլ անդամի՝ Օսման Ալիմուրադովի հայտարարությունը, թե ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության (որի երիտասարդական թեւն է «Ենի ֆիկիր»-ը) առաջնորդ Ալի Քերիմլիի հանձնարարությամբ նրանք հուլիսի 28-29-ը գաղտնի բանակցություններ են վարել Թբիլիսիում, որի ժամանակ Բաշիրլին Հայաստանի գաղտնի գործակալներից ստացել է 2 հազար դոլար:

Ադրբեջանի պետական AzTV հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել հանդիպման մասին վկայող տեսաժապավենը, որը դատախազությանը տրամադրել է Ալիմուրադովը:

«Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներ Մերաբ Ջիբուտիան, Գեորգի Իսպիրյանը եւ ոմն Վարդան: Իրականում սակայն, այդ մարդիկ Հայաստանի գաղտնի ծառայությունների գործակալներ են», - ասված Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

«Այն ուժերը, որոնք ես ներկայացնում եմ, գործում են ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) ցուցումով եւ կոնկրետ հանձնարարականներ ստանում այդ կազմակերպության ներկայացուցիչների կողմից՝ Ադրբեջանում հեղափոխության նախապատրաստման ուղղությամբ», - գաղտնի հանդիպման ժամանակ, ըստ հայտարարության, ասել է Ռուսլան Բաշիրլին: Նա նաեւ ավելացրել է, որ կուսակցության երկու անդամները NDI-ի կողմից ուղարկվել են վերապատրաստման Լեհաստան:

«Ենի ֆիկիր» կուսակցության փոխնախագահ Ֆիքրեթ Ֆարմազօղլուն հաստատել է Բաշիրլիի ձերբակալության փաստը, սակայն կտրականապես հերքել է, որ «կուսակցության կապ է ունեցել Ադրբեջանի իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձի հետ»:

«Սա իշխանությունների հերթական խաղն է, որ կազմակերպվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից», - «Ֆրանսպրես»-ին ասել է Ֆարմազօղլուն՝ համոզմունք հայտնելով, որ Օսման Ալիմուրադովը Ադրբեջանի գաղտնի ծառայությունների գործակալ է: Ֆարմազօղլուն, սակայն, հրաժարվել է հաստատել կամ հերքել Բաշիրլիի կողմից գումար վերցնելը ժապավենում ցուցադրված մարդկանցից:

«Այս ամենը իշխանությունների փորձն է` հեղինակազրկել Ադրբեջանի երիտասարդական շարժումը: Նրանք աշխատում են խոչընդոտել երիտասարդության պայքարը հանուն ժողովրդավարական ազատությունների», - հայտարարել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ուրբաթ օրը տարածած հայտարարությամբ կտրականապես հերքել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության պնդումները՝ դրանք որակելով «ծիծաղելի եւ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող»:

«Չի կարելի է Ադրբեջանի ներքաղաքական պրոբլեմները լուծել վաղուց մոռացված եւ 20-30-ական թվականներին ԽՍՀՄ-ում տեղ գտած մեթոդներով», - հայտարարել է Հայաստանի ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG