Մատչելիության հղումներ

Կառավարությունը խստացնում է պատժամիջոցները գազօգտագործման կանոնների խախտման համար


Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացան գազամատակարարմանն առնչվող երկու որոշումներ, որոնցով ուժեղացվում է վերահսկողությունը գազօգտագործողների նկատմամբ եւ խստացվում են պատժամիջոցները շահագործման կանոնները խախտելու համար:

Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով, նման որոշումների շարժառիթը գազից օգտվելու՝ բնակչության ցածր կուլտուրան է:

«Ռետինե խողովակները մտցրել են ուղղակի այն վառարանների մեջ, որտեղ ածուխ կամ փայտ էին վառում», - ասաց նա:

Այդուհանդերձ, փոխնախարարը մանրամասնեց, թե պետական վերահսկիչ-տեսուչները ոչ թե անմիջապես բնակարաններում ստուգելու են, թե բնակիչները գազից օգտվելիս որքանով են պահպանում գազի շահագործման կանոնները, այլ վերահսկելու են այդ գործառույթը ստանձնած «Հայռուսգազարդ» ընկերության գործունեությունը, որին գազի շահագործման անվտանգության գործառույթը անցյալ ամիս վերապահեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Փոխնախարարի խոսքից տպավորություն ստեղծվեց, որ ընդունված որոշումները միտված են վերաձեւելու բնական գազով աշխատող վառարանների ու տաքացուցիչների շուկան։ Բնական գազ ստացած ընտանիքների մի զգալի մասը օգտագործում է պարսկական արտադրության պարզունակ վառարաններ, որոնք շատ դեպքերում շահագործման տեսանկյունից հուսալի չեն: Ըստ փոխանխարարի, այսուհետ կշահագործվեն միայն սերտիֆիկացված վառարանները: Գազով աշխատող վառարանները պետք է համապատասխանեն ամենաբարձր՝ եվրոպական չափանիշներին:

Հարկ է նշել, որ, ի տարբերություն, պարսկական արտադրության վառարանների, եվրոպական չափանիշերին համապատասխանող վառարանների գինը շատ ավելի բարձր է, եւ բաժանորդներից շատերի համար հասանելի չեն:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG