Մատչելիության հղումներ

logo-print
«Ալկատել» ֆրանսիական հայտնի ընկերությունը հայտարարել է, որ բազմամիլիոնանոց գործարք է կնքել «Վիվասել» ընկերության հետ, որը բջջային հեռախոսակապի երկրորդ օպերատորն է Հայաստանում: Գործարքի ստույգ արժեքը չի հրապարակվում:

«Ալկատել»-ը հայտնել է, որ իր մատակարարած ժամանակակից սարքավորումների շնորհիվ բջջային կապը կծածկի Հայաստանի ողջ տարածքը եւ թույլ կտա ապահովել 400 հազար բաժանորդների պահանջմունքները:

«Ալկատել»-ի ԱՊՀ բաժանմունքի փոխնախագահ 3ոհան Վանդերպլետսը ասել է. - «Այս գործարքը ոչ միայն թույլ է տալիս մեզ հաստատվել Հայաստանի բջջային հեռախոսների շուկայում, այլեւ ամրապնդել մեր դիրքերը ողջ ԱՊՀ տարածքում: Մենք կնպաստենք այն բանին, որ «Վիվասել»-ը դառնա ավելի ուժեղ, մրցունակ օպերատոր Հայաստանում եւ ապահովի իր բաժանորդներին ամենաբարձր ծառայություններով»:

«Ալկատել»-ը, որը ղեկավարում է հայազգի Սերժ Չուրուկը, գործում է աշխարհի 130 երկրներում եւ ունի մոտ 60 հազար աշխատող:

Հայաստանում բջջյաին կապի մյուս օպերատոր, նախկինում այդ ոլորտի մենատեր «ԱրմենՏել» ընկերության տրամադրած բջջային կապը, մինչդեռ, շարունակում է խիստ անորակ մնալ: Հավաստի աղբյուրների վկայությամբ, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կատարած ուսումնասիրություններից հետո հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «ԱրմենՏել»-ին պաշտոնապես հրավիրել է նիստի, որը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին: Եթե այդ նիստում հանձնաժողովը ապացուցի, որ «Արմենտել»-ը խախտել է օրենքով սահմանված գերիշխող դիրքը, ապա մեծ է հավանականությունը, որ ընկերության նկատմամբ սահմանվի տուգանք՝ շրջանառու գումարի մեկ տոկոսի չափով: Ըստ որոշ տեղեկությունների, տուգանքի չափը կարող է հասնել մոտ 500 հազար դոլարի:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG