Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը հիշեցնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնական նամակ էր հղել՝ պահանջելով 15-օրյա ժամկետում ներկայացնել բոլոր փաստաթղթերն ու պարզաբանումները «Միդլենդ Ռեսուրսիզի» կողմից ՌԱՕ ԵԷՍ-ի «Ինտերէներգո» դուստր ձեռնարկությանը էլեկտրացանցերը հավատարմագրման կառավարման հանձնելու վերաբերյալ։ Այս առիթով թերթին տված հարցազրույցում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցրել է, որ հանձնաժողովը լինելու է «հետեւողական, վճռական է տրամադրված եւ անելու է ամեն ինչ՝ պարզելու համար այս կնճռոտ հարցը»։ «Եթե մեր առաջադրած հարցադրումներին նշված ժամկետում պատասխան չունեցանք, միանգամից կսկսենք լիցենզիայից զրկելու գործընթացը, հանձնաժողովի հրապարակային, բաց նիստով։ Իսկ 15-օրյա ժամկետում պատասխանն ստանալուց հետո կհրավիրենք հասարակական լսումներ», - խոստացել է Ռոբերտ Նազարյանը: Անդրադառնալով նույն թեմային՝ «168 ժամ» շաբաթաթերթի հարցազրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է. - «Ես չգիտեմ՝ իրականում ցանցերը վաճառե՞լ են, թե՞ հանձնել են կառավարման... Ինձ համար, սակայն, էականն այն է, թե ինչ որակի նոր մենեջմենթ կբերեն իրենք: Իսկ ընդհանրապես էներգետիկ համակարգը Ռուսաստանին տալու հարցում երկու պարագա կա՝ առաջինը՝ սա զուտ քաղաքական խնդիր է, եւ այստեղ տնտեսական կատեգորիաներով չենք կարող դատել: Երկրորդ պարագան «ՌԱՕ ԵԷՍ»-ի՝ ինտերվենցիա կատարելու ցանկությունն է, ինչը ես բնական եմ համարում»: «Արդյո՞ք մեր իշխանությունները չե՞ն կարող որեւէ կերպ դիմակայել ռուսական ազդեցության ընդլայնմանը» հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանում է. - «Հայաստանի իշխանությունները դիմակայելու խնդիր չեն էլ դնում: Դա առաջին հերթին քաղաքական խնդիր է եւ, հավանաբար, համապատասխանում է այսօր Հայաստանում քաղաքականություն որոշողների շահերին ու ցանկություններին»:

«Իրանցից ո՞վ է էդ Հերկուլեսը, որ գալու է իմ գլուխը ջարդի ու նստի իմ աթոռին». անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Առավոտ» օրաթերթում արձագանքում է. - «Նա սխալվում է, թե իրենց գլուխը ջարդելու համար Հերկուլես է պետք: Այնպես որ՝ Հերկուլես մի’ փնտրեք»:

«Պետական հեղաշրջումներին, երկրի ղեկավարների նկատմամբ մահափորձերին պետք է վերաբերել ամենայն լրջությամբ», - գրում է «Առավոտ»-ի խմբագրականը: - «Հենց այդ պատճառով էլ նման գործերի դատաքննությունը չպիտի վերածվի խեղկատակության: «Խուճուճի» ու «Կծանի» գործը հենց այդ տպավորությունն է թողնում նախ եւ առաջ այն պատճառով, որ հեղաշրջման ենթադրյալ կազմակերպիչ` կապի նախարար Էդուարդ Մադաթյանը («Խուճուճ Էդոն») ամբաստանյալի աթոռին նստած չէ եւ գտնվում է փախուստի մեջ: Այն մարդը, որն անմիջականորեն պետք է իրականացներ հանցագործությունը՝ Միշա Խուդավերդյանը («Կծան Միշան») նույնպես ամբաստանյալի աթոռին չէ: Դատարանում ամբաստանյալ է մի երրորդ անձ՝ Գագիկ Գրիգորյանը, որը բուն հեղաշրջման մասնակից չէ»: «Հետեւաբար», - եզրահանգում է «Առավոտ»-ը, - «Կամ նման գործ իրոք կա, բայց նախաքննության եւ դատաքննության մարմինները դրա նկատմամբ ցուցաբերում են փնթի եւ անտարբեր վերաբերմունք: Կամ գործը զուտ «վիրտուալ» դաշտում է եւ հորինվել է ինձ անհայտ նկատառումներով»:

«Այսօր փորձ է արվում Սեւանի մակարդակի բարձրացման արհեստական դանդաղեցմանը հասնել՝ պատճառաբանելով, թե այնտեղ անտառները վտանգված են, ջրի տակ են անցնում», - մատուցում է «Հայոց աշխարհ»-ը: Այս առիթով «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը թղթակցին ասել է. - «Այնտեղ անտառները արհեստական են, ժամանակին տնկվել են, որ ծառայեն լճին, ափերն ամրապնդեն, իսկ հետո, երբ լճի մակարդակը բարձրացնելու հնարավորություն լինի, հանվեն։ Դրանք ժամանակավոր տնկված անտառներ են, եւ դրանց վերացումը վտանգ չի ներկայացնում։ Հայաստանի ամենակարեւոր, ընտիր անտառները ոչնչացվում են, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում, եւ հանկարծ մտահոգություն է առաջացել անտառը փրկելու։ Ինչպե՞ս հավատալ այդ մտահոգության անկեղծությանը»: Նույն թեմային է անդրադարձել նաեւ «168 ժամ»-ը. - «Երբ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվում էր Սեւանա լճի ապագան, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը «Արարատ» գոլֆ-ակումբում Հովիկ Հովեյանի եւ Վահագն Հովնանյանի հետ սիրտակի էր պարում: Եթե Վարդան Այվազյանի բնապահպանական նախաձեռնությունն իրականություն դառնա, շատ շուտով Հովիկ Հովեյանն ու Վարդան Այվազյանը կարող են շուրջպար բռնել Սեւանա լճի շուրջ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG