Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Ստամբուլի Պենդիկ թաղամասում հնչած պայթյունից արդյունքում երկու մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:

Վկայակոչելով CNN-Turk հեռուստաալիքը, «Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանության տվյալներով՝ պայթել է աղբարկղի մեջ տեղադրված ռումբը, սակայն այլ աղբյուրների վկայությամբ՝ ականապատված ավտոմեքենա է պայթել: Պարզ չեն նաեւ հանցագործության շարժառիթները:

Իսկ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հաղորդում է, որ զոհվել են հարսանեկան խնջույքից վերադարձող մայրն ու դուստրը: Պայթյունը հնչել է այն պահին, երբ նրանք նստել են իրենց մեքենան: Պայթյունի հետեւանքով վնասվել են մերձակա շինությունները եւ ավտոմեքենաները: Ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը, իսկ բժիշկները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին:

Օգոստոսի 2-ին երկու պայթյուն էր հնչել Թուրքիայի Անթալիա քաղաքի կենտրոնում, որի արդյունքում վիրավորվել էր 8 մարդ, այդ թվում ՝ 2 արտասահմանցի զբոսաշրջիկ: Իսկ հուլիսի 16-ին Քուշադասի քաղաքում ականապատված մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել էր 4 եւ վիրավորվել 14 մարդ:

Ստամբուլի փոխոստիկանապետը «Վաթան» թերթի հարցազրույցում անցած շաբաթասկզբին հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին Թուրքիան կարող է Ալ-Ղաիդայի ահաբեկչական գործողությունների թիրախ դառնալ:

«Ոստիկանությունը ուշադիր հետեւում է միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապերի մեջ կասկածվող շուրջ 1000 մարդկանց», - ասել էր փոխոստիկանապետ Դեմիրթաշը: - «Լոնդոնի եւ Եգիպտոսի ակցիաներից հետո պարզ է դարձել, որ ահաբեկչության ալիքը արեւմուտքից տարածվում է դեպի արեւելք: Ես ակնկալում եմ, որ մինչեւ նոյեմբեր Ալ-Ղաիդան նոր ահաբեկչական գործողություն կիրականացնի»:

Ալ-Ղաիդան Թուրքիայում արդեն իրականացրել է ահաբեկչական գործողություններ. 2003 թվականի նոյեմբերին 5 օրվա ընթացքում Ստամբուլի 2 սինագոգներում, Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունում եւ HSNC բանկի գրասենյակում հնչած պայթյունների արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել էր 63 մարդ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG