Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները «ժողովրդավարության տեղեկատվական կենտրոններ» կբացի Ադրբեջանում եւ Ղրղըզստանում


Միացյալ Նահանգները «ժողովրդավարության տեղեկատվական կենտրոններ» է բացելու Ադրբեջանում եւ Ղրղըզստանում, ինչպես նաեւ իրականացնելու է Ղազախստանում եւ Տաջիկստանում անկախ լրատվամիջոցների աջակցման ծրագրեր:

ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը հրապարակել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության կողմից ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ծրագրերի հատուկ հիմնադրամի միջոցներով (43,7 միլիոն դոլար) իրականացվող ընթացիկ ծրագրերի պլանը:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում «ժողովրդավարության տեղեկատվական կենտրոնների ցանցի» ստեղծմանը նախատեսվում է հատկացնել 540 հազար դոլար: Այդ կենտրոնները պետք է, մասնավորապես, հասարակության համար ապահովեն զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունների մատչելիությունը:

Ղրղըզստանում նման կենտրոններ արդեն գործում են, սակայն լրացուցիչ 5 կենտրոնների ստեղծման համար կհատկացվի եւս 613 հազար դոլար՝ ղրղըզ ընտրողներին իրենց իրավունքների եւ միջազգային ընտրական չափանիշերի հետ ծանոթացնելու նպատակով:

Պետքարտուղարության մամլո ծառայությունը հաղորդում է նաեւ Ղազախստանում անկախ լրատվամիջոցների համար «նորությունների ֆաբրիկայի» ստեղծման նպատակով 557 հազար դոլարի տրամադրման մասին:

887 հազար դոլար հատկացվելու է Տաջիկստանում 5 ռադիոկայաններից բաղկացած անկախ ռադիոցանցի ստեղծման նպատակով, դրանց տեխնիկական ապահովման եւ աշխատակիցների վերապատրաստման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG