Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, թերթի այսօրվա խմբագրականում իր դատողությունները փոխանցելով անցումային շրջան կոչված երեւույթի շուրջ, գրում է. - «Տպավորությունն այն է, որ մենք այլեւս ոչ մի տեղ չենք անցնում: Մեզ մոտ հաստատվել է միանգամայն «կայուն շրջան»՝ հուրախություն իշխանությունների, նրանց կողմնակիցների ու այդ կայունությունից օգտվողների: 12-13 տարի առաջ, երբ պատերազմ էր եւ տնտեսական իրավիճակն ահավոր էր, Արեւմուտքի սպասելիքները մեզանից ավելի շատ էին, քան այսօր, երբ որեւէ աղետալի բան տեղի չի ունենում: Այսօր այդ սպասելիքները վերածվել են քաղաքավարի արհամարհանքի, որովհետեւ անցումային շրջանն էլ ավելի շատ նման է փակ շղթայի, տեղապտույտի», - գրում է Աբրահամյանն ու հարց տալիս, թե ի՞նչն է ավելի լավ՝ մշտապես ապրել պայծառ ապագայի սպասումո՞վ, թե՞ պարզապես վայելել եղածը: Ըստ Աբրահամյանի, միակ բանը, որը կարելի է պահանջել մեր իշխանավորներից՝ անկեղծությունն է. - «Թե չէ, մի կողմից՝ բղավում են, թե «մենք ինտեգրվում ենք Արեւմուտքին, հավատարիմ ենք եվրոպական արժեքներին», մյուս կողմից՝ եթե վաղը որոշ տեղական իշխանիկներ Գորիսի կամ Էջմիածնի կենտրոնում կախաղաններ դնեն եւ սկսեն կախել իրենց դուր չեկած մարդկանց, ոչ ոք չի զարմանա: Թե՞ դա էլ է անցումային շրջանի անհրաժեշտ փուլերից մեկը», - վերջում զարմանում է խմբագիրը:

«Հայոց աշխարհ»-ը, ասօրվա համարում անդրադառնալով Ազգային անվտանգության վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանի ամերիկյան ուղեւորությանը, որակել է, թե այն արդեն «նշանավորվել է» ապատեղեկատվության տարածումով, երբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը մշակող հեղինակավոր կենտրոններում նա աջ ու ձախ հայտարարում է, թե «Հայաստանի գործող իշխանությունները տարածաշրջանում ռուսական քաղաքական ուղեկալն են...»։ «Անկախ նրանից, թե որքա՞ն են վստահում Շահնազարյանի խոսքերին, միեւնույն է, տվյալ տեսակետը դառնում է ոչ միայն լուրջ խորհրդածության առարկա, այլեւ համապատասխան քաղաքականություն մշակելու համար անհրաժեշտ նյութ: Վաղը սա կարող է օգտագործվել ԱՄՆի կողմից՝ «փաստարկելու» Հայաստանին տրվող որեւէ օգնության մերժումը», - գնահատում է «Հայոց աշխարհ»-ը՝ եզրակացնելով. - «Երբ Հայաստանի ազգային անվտանգության համակարգի պաշտոնաթող ղեկավարը փորձում է մեր երկրի մասին իր ձեռք բերած հարուստ գիտելիքները «ի սպաս դնել» նրան խոցելի դարձնելու գործին, այս ամենից արդեն դավաճանության հոտ է գալիս։

Ընտրական հանձնաժողովների ձեւավորումը որակելով որպես թեժ աշնան կռվախնձոր՝ «Հայոց աշխարհ»-ը գրում է, թե հայրենի կուսակցությունները եւ քաղաքական այրերը, որպես կանոն, «գերագնահատում են ընտրական հանձնաժողովների դերը՝ վերմակը իրենց վրա քաշելու, այսինքն՝ ընտրություններում «հաջողություն» արձանագրելու աստվածահաճո գործում». - «Ավելին՝ հանձնաժողովներում ներկայացված լինելը կամ, ինչպես մեզանում սիրում են ասել՝ «մարդ» ունենալը դիտվում է ոչ միայն որպես իրենց ակնկալած «50 եւ ավելի», ծայրահեղ դեպքում՝ 5-ից բարձր տոկոսները լրացնելու պարտադիր պայման, այլեւ եկամտաբեր ընտրաբիզնես: Եվ քանի որ առջեւում ընտրատարածքային եւ տեղամասային հանձնաժողովների ձեւավորման գործընթացն է՝ սրանից բխող թեժ կրքերով հանդերձ, գրեթե վստահաբար կարելի է ասել, որ հիմնական մրցակցությունը կծավալվի ոչ թե փողոցում, ինչպես ոմանք կանխատեսում են, այլ ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման, առաջին հերթին՝ նախագահ - փոխնախագահ - քարտուղար ղեկավար եռյակների ընտրության շուրջ», - եզրակացրել է թերթը:

«Այլեւս ներում-բեկում չկա» վերնագրի տակ «Առավոտ»-ը փոխանցել է, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել «Հայէլցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ ընկերության կառավարման իրավունքն այլ ընկերության փոխանցելու մասին: «Հանձնաժողովի նախնական գնահատականներով, «Հայէլցանցերի» գործունեության լիցենզիայի եւ բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի պայմաններում որոշ խախտումներ կան: Եթե առաջիկա 15 օրերի ընթացքում Հայցանցի տնօրենը հանձնաժողովի պահանջները բավարարող պարզաբանումներ չտա, ստիպված պիտի լինի օրենսդրությամբ նախատեսված տույժեր կրել, հնարավոր է նաեւ, որ ընկերությունը զրկվի լիցենզիայից», ենթադրել է «Առավոտ»-ի մեկնաբանը:

«Հայոց աշխարհ»-ն այսօր փորձել է պարզել, թե ինչո՞ւ են բարձրացնում քաղաքային միկրոավտոբուսների ուղեվարձը։ Թերթը գրում է. - «Քաղաքային ավտոբուսների շահավետությունը բարձրացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է բավականաչափ տարօրինակ մոտեցում։ Տնտեսական արդյունավետ քաղաքականության միջոցով խնդրի լուծումը գտնելու փոխարեն, ընտրվել է ամենադյուրին տարբերակը. հորդորում են երթուղայինների տերերին բարձրացնել ուղեվարձը, որպեսզի ուղեւորները ստիպված լինեն օգտվել ավտոբուսներից»։ Թերթի փոխանցմամբ, երթուղիների մոտ 70 տոկոսն արդեն դիմել է նման նախաձեռնությամբ. - «Առաջարկվել է ուղեվարձը դարձնել 130-150 դրամ։ Հարցը քննարկելուց հետո քաղաքապետարանը կանգ է առել 130 դրամ տարբերակի վրա, թեեւ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել»։ Ենթադրելով, որ այս ամենն ինչ-որ տեղից ուղղորդվում է՝ «Հայոց աշխարհ»-ը եզրակացնում է. - «Բոլոր հիմքերը կան կարծելու, որ փորձ է արվում մեկ անգամ եւս մեծացնել երթուղային գծերի տերերի շահույթները»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG