Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իշխանությունները հետապնդում են «Հանրապետություն» կուսակցությանը: Մեր կուսակցության անդամները քաղաքական հետապնդումների մեջ են: Մենք ունենք քաղաքական բանտարկյալ», - «Առավոտ»-ին փոխանցում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:

«Հանրապետություն» կուսակցության նկատմամբ իշխանությունների ունեցած «ընդգծված ուշադրությունը» ոչ մի կերպ չի թուլանում», - փաստում է «Իրավունք»-ը՝ այդպիսի դրսեւորում համարելով շաբաթ օրը Արագածոտնում տեղի ունեցած իրադարձությունը: Թերթի մատուցմամբ, «Հանրապետություն» կուսակցության եւ ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցիչները Արմավիրի դպրոցներից մեկում փորձել են անցկացնել «Դռնեդուռ» ծրագրի հերթական մասը, սակայն իրավապահ համակարգը խոչընդոտել է նրանց:

«Իրավունք»-ի հարցազրույցում Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է. - «Գունավոր հեղափոխությունները իմ կամ Սերժ Սարգսյանի ցանկությամբ չեն պայմանավորված, եւ ո'չ ես եմ ստեղծել գունավոր հեղափոխությունները, ո'չ էլ նա կարող է դա արգելել: Սա լուրջ գործընթաց է, որն ուղիղ կապված է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, եւ այն, կարծում եմ, անխուսափելի է Հայաստանում, ընդհանրապես Կովկասում»:

Նույն թերթում «Հանրապետութուն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, հերքելով, թե կուսակցության ներսում հակադիր թեւեր կան, ընդգծում է. - «Նման վտանգ չկա: Օբյեկտիվ իրականությունն այն է, որ հետհամագումարյան փուլում պարոն Բազեյանը պասիվ քաղաքական վիճակում է՝ իր սուբյեկտիվ ընկալումներով»:

Անդրադառնալով բաշխիչ ցանցերի շուրջ ձեւավորված իրավիճակին՝ «Հայոց աշխարհ»-ն արձանագրում է. - «Որքան էլ արտաքուստ տեղի է ունեցել բաշխիչ ցանցերի վաճառք, եւ սա պարզորոշ է բոլորի, այդ թվում՝ կառավարության ու Համաշխարհային բանկի համար, այնուհանդերձ իրավական առումով գործարքն ասես անթերի է: Պայմանագիրը նման կացություն չի նախատեսել բաշխիչ ցանցերը «Միդլենդ ռիսորսիզ»-ին վաճառելիս: Ուստի կառավարությունը կարծես հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ»:

Խաբուսիկ համարելով օգոստոսյան քաղաքական անդորրը՝ «Իրավունք»-ն ուրվագծում է. - «Անգամ հանգստավայրերում ցիրուցան լինելուց հետո քաղաքական եւ պետական այրերը չեն դադարում իրար տակ փորելու «հույժ ազգանվեր» գործը»:

Վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանի կողմից «Հայոց աշխարհ»-ում բերած տվյալներով, Ջավախքում մինչեւ 100 հազար հայություն է բնակվում: Ի պատասխան թղթակցի հարցի, թե կա՞ երաշխիք, որ վրացական կողմը կկատարի համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ ստանձնած պարտավորությունները, Ստեփան Մարգարյանն ասում է. - «Երաշխիք՝ որպես գրավոր փաստաթուղթ չկա, որովհետեւ համաձայնագիր չի ստորագրվել: Բայց Վրաստանի ներկա իշխանությունների վերաբերմունքը եւ գործելակերպի ընդհանուր տրամաբանությունը հույս են ներշնչում, որ դրական տեղաշարժեր կլինեն... Վրացական կողմը հիմնական ներդրումները նախատեսել է 2007 թվականին, երբ կստացվեն «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրով ԱՄՆ-ի կողմից հատկացվող գումարները: Ընդհանուր առմամբ, իրենք նախատեսում են 120 միլիոն դոլարի ներդրում կատարել Ջավախքում, մասնավորապես՝ ճանապարհների համալիր վերականգման ուղղությամբ՝ մինչեւ Հայաստանի սահմանը»:

Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ, Ջրի ազգային խորհրդի անդամ, Անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ընդգծում է. - «Այսօր չկա որեւէ պատճառ խուճապի մատնվելու, թե Սեւանի մակարդակը բարձրացել է. պետք է ուրախանանք, այլ ոչ թե մտահոգվենք: Իսկ առաջացած խնդիրները լուծելի են»: Թերթի մեկնաբանը, իր հերթին, հիշեցնում է . - «Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վերջերս «մտահոգություններ» է արտահայտում Սեւանա լճի մակարդակը 6,5 մետրով բարձրացնելու կապակցությամբ: Միաժամանակ ակնկալվում է, թե լճի մակարդակի բարձրացումն առաջիկայում կարող է արհեստականորեն սահմանափակվել... Դա, անշուշտ, ձեռնտու է ափամերձ հյուրանոցներ, զվարճավայրեր կամ հանգստի համալիրներ, խորտկարաններ եւ այլ օբյեկտներ ունեցողներին: Դա բխում է նրանց, եւ ոչ թե Սեւանա լճի շահերից»: - փաստում է թերթը:

«Առավոտ»-ը, փոխանցելով, թե, ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Երեւանի միկրոավտոբուսային բոլոր երթուղիներում ուղեվարձը կբարձրանա 30 դրամով՝ դառնալով 130 դրամ, հեգնում է. - «Ակնհայտ է, որ այս ծրագիրը պետության որդեգրած «աղքատության վերացման ռազմավարության» լավագույն պոռթկումն է՝ գոնե այն պատճառով, որ վերջին տարիներին այդքան շեփորված այդ ռազմավարությունը ամեն տեսակ «հավայի» կլոր սեղանների կազմակերպումից ու գրանտասուն բրոշյուրների տպագրումից այն կողմ չէր անցել: Իսկ հիմա, հանդես բերելով քաղաքացիական բարձր գիտակցություն, մեր գերըմբռնող ազգն այսուհետեւ 100-ի փոխարեն վճարելու է 130 դրամ՝ այդպիսով կործանիչ հարված հասցնելով իր հարազատ, մեր «ջիգյարի կտոր» գծատերերի եւ քաղաքային իշխանությունների քայքայիչ աղքատությանը»:

«Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդիները 2004-ի փետրվարի 29-ին իրենց պատահաբար դիպչելու համար դանակահարելով սպանեցին 34-ամյա Հովհաննես Բադալյանին: Վայքի առաջին ատյանի դատավոր Լյովա Պողոսյանն այս հանցագործության մասնակիցներից մեկին՝ Էյնեռ Խաչատրյանին դատապարտեց ընդամենը 1,5 տարվա ազատազրկման, եւ նա մի քանի օր անց հայտնվեց ազատության մեջ», - մարզային ռեպորտաժների շարքում ներկայացնում է «Առավոտ»-ը: Ըստ թղթակցի՝ Գորիսում հավաստիացնում են, թե նման պատժաժամկետ սահմանելու համար դատավորը վաստակեց 24 հազար դոլար: Եվ հիմա երեւի հանգիստ է, քանի որ չի ապրում Գորիսում, ուր միայն ուսով դիպչելու համար կարող է դառնալ Սուրեն Խաչատրյանի բարեկամի զոհը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG