Մատչելիության հղումներ

logo-print

Մաքսանենգության փորձի մեղադրանքով ձերբակալված թուրք գիտնականը իրեն մեղավոր չի ճանաչում


Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ 33-ամյա պատմաբան Եքտան Թուրքյիլմազի շահերի պաշտպանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը ասաց նաեւ, որ Թուրքիայից ի պաշտպանություն Թուրքիլմազի բաց նամակը՝ ուղղված նախագահ Ռոբերտ Քոչարյանին ստորագրել են 5 մտավորականներ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, ծանոթ չէ նամակի բովանդակությանը: Նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօրվանից մեկնել է երկշաբաթյա հանգստի, եւ միայն վերադառնալուց հետո հնարավոր է, որեւէ արձագանք լինի «այս եւ մի շարք այլ նամակներին»:

«Բազմաթիվ նամակներ են եղել: Հիմնականում մտավորականությունից եւ Միացյալ Նահագների Դյուկ համալսարանի պրոֆեսորական անձնակազմից են եղել նամակները՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին եւ Աղվան Հովսեփյանին», - ասաց Վարդուհի Էլբակյանը՝ ավելացնելով, որ դրանք բոլոր կցվել են քրեական գործին, սակայն մնացել են անարձագանք::

Իսկ պաշտոնական Թուրքիան, Էլբակյանի վկայությամբ, լռում է. որեւէ հարցում կամ արձագանք չի եղել: Համենայնդեպս, թուրք պատմաբանի հարազատների, մասնավորապես, քրոջ հետ զրույցներից փաստաբանը տպավորություն է ստացել, որ պաշտոնական Թուրքիան շահագրգռված չէ պաշտպանել կամ լուրջ հետաքրքրություն ցուցաբերել իր քաղաքացու նկատմամբ: Որովհետեւ, փաստաբանի փաստարկմամբ, ինչպես Եքտան Թուրքիլմազը, այնպես էլ նրա ազգականներից ոմանք Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել: Ավելին՝ նրանք մտավախություն ունեն, որ պատմաբանը, Թուրքիա վերադառնալու դեպքում, կարող է ենթարկվել քրեական հետապնդման:

Հայաստանում Եքթան Թուրթիլմազին առաջադրված մեղադրանքով նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում: Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե երբ է սկսվելու Թուրքիլմազի գործի դատաքննությունը:

Նախաքննության ընթացքում Թուրքիլմազն իրեն մեղավոր չի ճանաչել: Ինչպես նա, այնպես էլ թուրք եւ ամերիկացի մտավորականները պնդում են, որ Հայաստանի Հանրապետության օրենքը խախտվել է, ոչ դիտավորությամբ, պարզապես թուրք պատմաբանը տեղյակ չի եղել նման օրենքի գոյության մասին:

Թուրքիլմազը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 17-ին: Նրա մոտից առգրավվել է 88 գիրք եւ, փաստաբանի վկայությամբ, դրանցից 7-ն են եղել ավելի քան 50 տարվա գրքեր, որոնք արտահանելու համար հատուկ թույլտվություն էր պետք: Բացի այդ, առգրավվել են լազերային սկավառակներ, որոնց վրա փոխանցված են եղել Հայաստանի պետական արխիվում կատարած ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի տեսագրություններ, ինչի համար Թուրքիլմազը ունեցել է համապատասխան թույլտվություն եւ կատարել է պետական վճարումները:

Վարդուհի Էլբակյանը ասաց նաեւ, որ Թուրքիլմազի նկատմամբ խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդությունները մերժվել են՝ առանց կոնկրետ պատճառաբանության:

«Նրա համար երաշխավորություն էր տվել Ռիչարդ Հովհաննիսյանը եւ պարտավորվել էր թե’ իր ստորագրությամբ, թե’ իր կողմից մուծվող գումարով երաշխավորել, որ Թուրքիլմազը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի նախաքննությանը», - ավելացրեց Էլբակյանը: - «Նման երաշխավորություն էր տվել նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG