Մատչելիության հղումներ

USAID-ն Հայաստանում սկսում է hարկային ոլորտի բարելավման հնգամյա ծրագիր


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը սկսում է նոր հնգամյա ծրագիր, որը նպատակ ունի խորացնել հարկային բարեփոխումները Հայաստանում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հարկային ոլորտի բարելավման ծրագիրը, որի իրականացման համար պայմանագիր է կնքվել «Բուզ Ալեն Համիլթոն» ընկերության հետ, հիմնականում միտված է լինելու Պետական հարկային ծառայության կառավարման բարելավմանը՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանում հարկերի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ:

«Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ազդեցիկ տնտեսական աճը վերջին երեք տարիներին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաշխատի Պետական հարկային ծառայության հետ մեծացնել հարկային եկամուտներն ու դրանով իսկ պետությանն ապահովել լրացուցիչ ֆինանսական միջոցներ առողջապահական, կրթական ու այլ նշանակալի ծախսերը հոգալու համար», - ասված է հաղորդագրությունում: - «Չնայած ծրագիրն հիմնականում ուղղված է հարկային վարչարարությանը, այն նաեւ կաշխատի հարկային քաղաքականության, ինչպես նաեւ հարկային համակարգի մասին Հայաստանի բնակչության իրազեկման մեծացման ուղղությամբ»:

Անցած շաբաթավերջին Հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քորչարյանը կարեւորել էր այս ծրագիրը, որը նախագահի խոսքերով «հնարավորություն կտա այդ հարցերով ավելի ակտիվ զբաղվել»:

«Գրեթե չկա ոլորտ, որտեղ ստվերային բաղադրամաս չլինի», - խորհրդակցության ժամանակ ասել էր Քոչարյանը: - «Դաշտն այստեղ համարում եմ բաց եւ մեր հիմնական թշնամիներն են հովանավորչությունն ու թայֆայությունը»:

Նախագահը առաջարկել էր ուժեղացնել քայլերը ստվերային տնտեսության դեմ պայքարի, բոլորի համար հավասար հարկային դաշտ ապահովելու ուղղությամբ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG