Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վարդան Այվազյանն աշխուժանում է միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է Հայաստանի բնությանն ինչ-որ վնաս հասցնել», - սահմանված է «Չորրորդ իշխանություն»-ում: - «Խնդիր առաջացավ Շիկահողի անտառը հատել՝ մեյդան ընկավ ու հայտարարեց, թե կողմ է դրան: Խնդիր է առաջանում դադարեցնել Սեւանի վերակենդանացումը՝ հենց ինքն է դա նախաձեռնում»:

«Եթե համեմատում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ընդդիմության մեջ հավասարապես գոյություն ունեցող բարեփոխական եւ հեղափոխական թեւերի ուժերն ու հնարավորությունները, ապա ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում գերակշռում են արմատական ուժերն ու գործիչները, որոնք պատրաստվում են հեղափոխության: Հայաստանում, ընդհակառակը, ներկայումս գերակշռող դիրքեր ունեն սահմանադրական բարեփոխական ուղու կողմնակից ընդդիմադիր ուժերն ու գործիչները», - զուգահեռում է «Հայոց աշխարհ»-ը՝ նման համեմատությունից բխեցնելով. - «Քաղաքական զարգացումների ցուցիչը Ադրբեջանում գնալով ավելի ու ավելի է թեքվում դեպի հեղափոխության կամ էլ զանգվածային բախումների հեռանկարը, իսկ Հայաստանում դրա «ծանրության կենտրոնը» շարունակում է մնալ քաղաքական պայքարի սահմանադրական-բարեփոխական ուղու վրա»:

«Եթե անգամ որեւէ բանի չես հավատում, խոհեմությունը պահանջում է հասնել վերջնական հանգրվանին եւ հետո ամփոփված կարծիք ձեւավորել: Այս տեսանկյունից ես օգոստոսի 29-ի նստաշրջանին մասնակցելուն դեմ չեմ, թեպետ մեծ կարեւորություն էլ դրան չեմ տալիս», - «Հայոց աշխարհ»-ում ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Իսկ ըստ «Այբ-Ֆե»-ի՝ ընդդիմության մասնակցությունը, ըստ էության, շղարշի դեր է կատարելու, դրսին ներկայացնելու համար մթնոլորտ է ստեղծվելու, թե իբր՝ տեսեք, նախագծի շուրջ Հայաստանում կոնսենսուս կա»:

«Հանրապետություն» կուսակցության ակտիվի հավաքում կուսակցության լիդերի կողմից կարծիք հնչեց, որ ովքեր այսօր «հեղափոխություն» բառը չեն արտասանում, մեկ ամիս հետո «Հանրապետություն»-ից ավելի բարձր են գոռալու: «Առավոտ»-ը հարցրել է «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին՝ ինքը պատրաստվու՞մ է մեկ ամիս անց գոռալ այդ բառը, եւ, ըստ թերթի, Գեղամյանի պատասխանը, ինչպես միշտ, խիստ ինքնատիպ էր. - «Մի հայտնի քաղաքական գործիչ մի առիթով ասել է՝ եթե մարդը երիտասարդ է եւ հեղափոխական գործիչ չէ, նշանակում է նա սրիկա է: Իսկ եթե մարդը տարեց է եւ պահպանողական չէ, նշանակում է նա ապուշ է»: Վերլուծելով 2003-ի ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական զարգացումները, ղարաբաղյան բանակցությունների ընթացքը՝ Գեղամյանը ներկայացնում է իրենց դիրքորոշումը. «Ազգային միաբանություն»-ը առայժմ ձեռնպահ է մնում հայտարարել, որ միանում է «Հանրապետություն» կուսակցության կողմից հրապարակ իջեցված այդ կոչին՝ որ չստացվի՝ «Մրից ելանք, մրջուրն ընկնանք»:

«Իրավունք»-ի վերլուծությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը դժվար թե որեւէ կոնկրետ գործողություն սկսի ավելի վաղ, քան օգոստոսի 18-ը, եւ դրա պատճառը բավականին ակնհայտ է. - «Մի կողմից, ի տարբերություն «ազգային հեղափոխական» Արամ Կարապետյանի, Արամ Սարգսյանը կաշկանդված է դաշինքի անդամ լինելու հանգամանքով, ինչը թույլ չի տալիս սկսել կտրուկ գործողություններ առանց դաշինքի հավանության: Մյուս կողմից, «Հանրապետություն» կուսակցությանը անհրաժեշտ է նաեւ խույս տալ «դաշինք քանդողի» համբավից»: Հետեւաբար, մեկնաբանի հայացքով, «Հանրապետության»-ը անհրաժեշտ է շատ չշտապել, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան հիմնավորապես պնդել, որ սպասել են մինչեւ վերջին պահը եւ օգտագործել դաշինքը պահպանելու բոլոր հնարավորությունները: Միաժամանակ, ըստ «Իրավունք»-ի, չշտապելու մարտավարությունը արդարացված է նաեւ նրանով, որ բացառված չէ ամբողջ դաշինքի կողմից արմատական դիրքորոշման որդեգրումը, մանավանդ՝ «եթե դրա համար հասունանան ինչ-ինչ պայմաններ»:

Նույն թերթի հարցազրույցում Արաբկիրի թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանն ասում է. - «Ես հեղափոխական զարգացումների կողմնակից չեմ եւ կարծում եմ, որ մասնավորապես Արաբկիր համայնքի զարգացման ուղին լայնածավալ բարեփոխումներ իրականացնելն է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG