Մատչելիության հղումներ

Վրաստանի սահմանապահները կանգնեցրել են Ախալքալակից Գյումրի ընթացող ռազմական շարասյունը


Ախալքալակի 62-րդ ռուսաստանյան ռազմակայանից Գյումրիի 102-րդ կայան ընթացող՝ 4 բեռնատար ավտոմեքենաներից եւ 4 միավոր ծանր զրահատեխնիկայից բաղկացած շարասյունը հինգշաբթի օրը կանգնեցվել է Վրաստանի սահմանապահների կողմից հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» անցակետում:

Վրաստանի պետական սահմանի պաշտպանության դեպարտամենտից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ համապատասխան փաստաթղթեր ունեցող շարասյան ստուգման ընթացքում մեքենաներից մեկում հայտնաբերվել է չհայտարարագրված զենք՝ գնդացիր եւ ազդանշանային ատրճանակ:

Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեն հայտնել է, որ շարասյունը ուղեկցող սպան մոռացել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը: Փաստաթղթերը, ըստ Կուպարիձեի, արդեն ուղարկվել վրացական կողմին, եւ շարասյունը կարող է շարունակել իր ճանապարհը:

«Սա Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման սկիզբը չէ՝ ինչպես նախապես հայտնում էին վրաստանյան որոշ լրատվամիջոցներ: Պարզապես մենք Ախալքալակից Գյումրի ենք տեղափոխում ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի ավելցուկը, եւ այս գործընթացը սկսվել է Ռուսաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների՝ ռազմակայանների դուրսբերման ժամկետը հստակեցնող համաձայնագրի ստորագրումից շատ առաջ», - հայտարարել է Կուպարաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG