Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը միանում է սահմանադրական փոփոխությունների քննադատությանը


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հինգշաբթի օրը տարածած հայտարարությամբ քննադատելով սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ հեռարձակվող լրատվամիջոցները կարգավորող անկախ մարմնի ստեղծման մասին դրույթը, միացավ մի շարք հասարակական կազմակերպություններին, որոնք նույն դրույթը քննադատող բովանդակությամբ հայտարարություն էին տարածել չորեքշաբթի օրը:

«Տարակուսանք են առաջացնում Վենետիկի հանձնաժողովին ուղղված սահմանադրական փոփոխությունների վերջին տարբերակում տեղ գտած այն դրույթները, որոնք առնչվում են հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների ձեւավորման կարգին», - ասված է Ալավերդյանի հայտարարության մեջ: - «Նախագծով անդրադարձ կատարվել է միայն ՀՌԱՀ [Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով] անդամների նշանակման կարգին, մինչդեռ պակաս կարեւոր չէ նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմավորման հարցը, որն ի սկզբանե նույնպես եղել է օրակարգում»:

Շարադրելով իր մոտեցումները «այս սկզբունքային հարցին», Լարիսա Ալավերդյանը նշում է. - «Սահմանադրությամբ պետք է ամրագրվեն էլեկտրոնային լրատվամիջոցների դաշտը կարգավորող առնվազն երկու մարմնի վերաբերող դրույթները: Այս երկու մարմինների ձեւավորման հարցում պետք է ակտիվ մասնակցություն ունենա ՀՀ Ազգային ժողովը»:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացվածներից «ամենաընդունելին» համարում է այն տարբերակը, ըստ որի երկրի նախագահը հաստատում է Ազգային ժողովի կողմից ներկայացված ինչպես ՀՌԱՀ-ի, այնպես էլ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամության թեկնածուներին»:

Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, մեկնաբանելով այս վիճահարույց հարցը, ասաց. - «Կան մարդիկ, որոնք երբ մեծ դժվարությամբ ինչ-որ մի բան հասկացել են, իրենց թվում է, թե ընդհանրապես աշխարհում այլ հնարավորություն այս կամ այն խնդրի լուծման հետ կապված չկա»:

«Կան մարդիկ», - շարունակեց Թորոսյանը, - «որոնց համար այդ ամենը բացարձակ նշանակություն չունի. ուղղակի փորձում են սահմանադրական փոփոխությունների գործընթացին ինչ-որ ձեւով առնչվել՝ իրենց անձը կամ կազմակերպությունը կարեւորելու համար»:

Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, նախագծում ընդհանրապես որեւէ մարմնի անուն չի արձանագրված, պարզապես նշված է՝ «անկախ մարմին», որի ձեւավորման կարգի վերաբերյալ էլ ասաց, որ նախագծում ամրագրված փոփոխությունը [այդ մարմնի անդամներին նշանակում են երկրի նախագահը եւ Ազգային ժողովը՝ 50-50 սկզբունքով] կատարվել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկով:

Ինչ վերաբերում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհդին, ապա Թորոսյանի խոսքերով՝ այն կարգավորող մարմին չէ, այլ «կառավարում է հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն»: Ի վերջո, ըստ Աժ փոխխոսնակի, եթե անհրաժեշտություն լինի, խնդիրը հնարավոր է կարգավորել օրենքով:

«Իմաստ չունի մի քանի մարմին ստեղծել ոլորտը կարգավորելու համար», - եզրափակեց նա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG