Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ» թերթը նկատում է, որ «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների չափանիշերը բավարարող կուսակցությունները վերագրանցվելուց հետո «այլեւս կհայտնվեն իշխանությունների բացարձակ վերահսկողության դաշտում», քանի որ, ըստ օրենքի, կուսակցությունները արդարադատության նախարարությանը պետք է տրամադրեն նաեւ իրենց անդամների անձնական տվյալները՝ հասցեն, աշխատանքի վայրը, անձնագրի տվյալները: «Այսինքն՝ իշխանությունները հնարավորություն են ստանում հատ-հատ վերահսկել ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մարդու», - եզրահանգում է մեկնաբանը՝ կանխատեսելով. - «Ակնհայտ է, որ այս լծակն առաջին հերթին կօգտագործվի քաղաքական ակտիվության շրջանում կոմպրոմատներ հավաքելու, շանտաժ անելու եւ ակտիվիստների նկատմամբ գործ սարքելու նպատակով»:

Սահմանադրական փոփոխությունները մատուցելով որպես իշխանության տարբեր ճյուղերի միջեւ լիազորությունները ավելի համաչափ բաշխելու ուղղությամբ արվող լուրջ քայլ՝ «Հայոց աշխարհ»-ը ընդհանրացնում է. - «Իշխանական բոլոր լիազորությունների կենտրոնացումը մեկ բռունցքի մեջ անխուսափելիորեն հանգեցնում է այն բանին, որ առաջնորդը վերաբաշխում է այդ լիազորությունների մի մասը հօգուտ ապարատի՝ կախման մեջ ընկնելով վերջինիցս»: Թերթի ընդգծմամբ, այսօր «չինովնիկները ստացել են բացառիկ ջերմոցային մթնոլորտ՝ նրանք հետ են նվաճել պետության առանցքի դերը»:

Նույն թերթում, հակադարձելով ընդդիմության պնդումներին, թե սահմանադրական փոփոխությունների նախագծում ընդդիմության առաջարկները դարձյալ լիարժեք արտացոլված չեն, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասում է. - «Հիմա նրանք ավելի շատ պատճառների փնտրտուքի մեջ են՝ այս ստորակետը սխալ է դրված, մեզ հետ համաձայնեցված չէ, էս մի դրույթը լավ չեք ձեւակերպել, չենք հավանում... Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գեղարվեստական ստեղծագործություն չէ, որ հավանես կամ չհավանես»:

«168 ժամ»-ի մեկնաբանի հայացքով, սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող վերջին զարգացումների առիթով ընդդիմության կառուցողակական հատվածի ոգեւորությունն անհասկանալի է: «Եթե հաշվի առնենք ժողովրդի համատարած անտեղյակությունը, փոփոխությունների փաթեթին ծանոթանալու համար անհրաժեշտ «հետախուզական» բավականին մեծ ջանքերն ու երկրում առկա անվստահության մթնոլորտը, կարելի է պնդել, որ քիչ թե շատ ազատ, արդար ընտրությունների դեպքում նոյեմբերյան հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կարժանանա իր նախորդի բախտին», - ենթադրում է մեկնաբանը՝ հավելելով. - «Իսկ հանրաքվեի հաջող ելքով շահագրգռված ընդդիմադիրները ստիպված կլինեն կիսել հանրաքվեի տապալման պատասխանատվությունը»:

«Ընտրովիության մինուսները» վերնագրի ներքո «Գոլոս Արմենիի»-ին շարադրում է. - «Այն փաստը, որ պատգամավորները գործնականում ոչ մեկի առջեւ պատասխանատվություն չեն կրում, պարբերաբար հանգեցնում է պատգամավորներին հետ կանչելու օրենք ընդունելու խոսակցությունների, բայց սայլը տեղից չի շարժվում: Պատճառը հասկանալի է՝ օրենքներն ընդունում են պատգամավորները, իսկ այդ օրենքը նրանց պետք չէ»:

Անդրադառնալով Ուկրաինայի եւ Իրանի միջեւ ստորագրված հուշագրին, որով Հայաստանին առաջարկվում է մասնակցել այդերկու երկրների միջեւ գազամուղի կառուցման ծրագրին, «Հայոց աշխարհ»-ը նշում է. - «Ուկրաինայի եւ Իրանի կողմից Հայաստանին ուղղված ներկա առաջարկը, չհարվածելով մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի արմատական շահերին, միաժամանակ ապահովում է Հայաստանին խիստ անհրաժեշտ էներգակիրների արտահանման հարցում Ադրբեջանի ներկա առավելությունը հավասարակշռելու եզակի շանս, որը չի կարելի ձեռքից բաց թողնել»:

«168 ժամ»-ի գնահատմամբ, «ԱրմենՏել»-ին պարբերաբար հաջողվում է անել այն, ինչ չեն կարողանում անել ո’չ իշխանությունը, ո’չ ընդդիմությունը՝ համախմբել ժողովրդին. - «Կապի համակարգի հանդեպ ունեցած միասնական վերաբերմունքով հայերին իսկապես կարելի է գրանցել Գինեսսի գրքում»:

«Առավոտ»-ի մարզային ռեպորտաժների շարքից Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հորդորում է՝ «Մազութոտ ակնոցով մի նայեք Վանաձորին»: Թղթակցի հարցին, թե հիմնավո՞ր են արդյոք բողոքները Վանաձորում ապօրինի կառույցների, պուրակներում իրականացվող շինարարության վերաբերյալ, քաղաքապետը պատասխանում է. - «Ես շատ վատ եմ նայում այն մարդկանց, ովքեր ամեն ինչին վատ են նայում: Նախկինում 48 հազար աշխատատեղ ունեցող Վանաձորն այսօր ունի ընդամենը 10-12 հազար աշխատատեղ, այն էլ՝ մասնավոր անձանց կողմից ստեղծված: Եվ բողոքողների խելքը չի հասնում, որ այդ շինությունները հենց աշխատատեղեր են»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG