Մատչելիության հղումներ

«Յուշչենկոյի այցի հետաձգման պատճառը նրա դեմ նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկատվությունն էր»


Վրաստանյան «Ռեզոնանսի» թերթը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի՝ հուլիսի 26-ին նախատեսված այցը հետաձգվել է նրա դեմ նախապատրաստվող ահաբեկչական գործողության մասին Վրաստանի հատուկ ծառայությունների ունեցած տեղեկությունների պատճառով:

«Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձը նախապատրաստում էր ռուս-օսական խմբավորումը՝ մտադիր լինելով հրթիռահարել Յուշչենկոյի ինքնաթիռը», - գրել է «Ռեզոնանսի»-ն:

Երկուշաբթի երեկոյան Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին «Ռուսթավի-2» հեռուստատեսության եթերում հայտարարել էր, թե «փետրվարի 1-ին Գորիում ահաբեկչական գործողություն իրականացրած դիվերսիոն խմբավորումը ունի 4 «Իգլա» հրթիռազենիթային կայանքներ, որոնք մտադիր է կիրառել ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռների դեմ»:

Մինչ այդ Մերաբիշվիլին հայտնել էր, որ չեզոքացվել են նշված խմբի անդամներից երեքը, իսկ մնացածները գտնվում են հետախուզման մեջ:

Խումբը, ըստ նախարարի, կազմավորվել է 1,5 տարի առաջ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, եւ մի քանի ահաբեկչական գործողություն է իրականացրել Վրաստանի Շիդա Քարթլի շրջանում: Ռուսաստանը հերքել է, թե որեւէ առնչություն ունի խմբի ստեղծմանը եւ գործունեությանը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, մինչդեռ, Վիկտոր Յուշչենկոյի այցը Վրաստան հետաձգվել է մինչեւ օգոստոս՝ Ուկրաինայի նախագահի ծանրաբեռնվածության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG