Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան զորախումբը առայժմ դուրս չի բերվի Ղրղըզստանից


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ Բիշկեկում երեքշաբթի օրը կայացած բանակցությունների ավարտին Ղրղըզստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսմայիլ Իսակովը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ստորաբաժանումները կմնան Ղրղըզստանում «մինչեւ Աֆղանստանում իրավիճակի կայունացումը»:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցում է, որ Իսակովը մեջբերել է իր ամերիկացի գործընկերոջ խոսքերը, թե «իրավիճակը Աֆղանստանում դեռ հեռու է նորմալ լինելուց»:

Ինքը Ռամսֆելդը տարակուսանք է հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ընդունած հռչակագրի կապակցությամբ, որով Միացյալ Նահանգներին առաջարկվում է հստակեցնել Միջին Ասիայից զորքերի դուրսբերման ժամկետները:

«Ես անձամբ չեմ մասնակցել այդ նիստին եւ չեմ կարող ասել, թե ինչ շարժառիթներով են նրանք առաջնորդվել», - հայտարարել է Ռամսֆելդը:

Շանհայի համագործակցության կազմակերպության հուլիսի 5-ին Աստանայում ընդունած հռչակագրի հեղինակը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովն է: Փորձագետների կարծիքով, Ուզբեկստանի հարավում տեղակայված «Խանաբադ» ռազմակայանի դուրսբերման հարցը Կարիմովը բարձրացրել է ի պատասխան այս տարվա մայիսին Անդիջանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Միացյալ Նահանգների հնչեցրած սուր քննադատության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG