Մատչելիության հղումներ

Ուկրաինան առաջարկել է դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման երկու տարբերակ


Երկուշաբթի օրը Թեհրանում կայացել են բանակցություններ Ուկրաինայի եւ Իրանի էներգետիկայի փոխնախարարների մակարդակով, որոնց ընթացքում Ուկրաինան առաջարկել է դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման երկու տարբերակ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Ուկրաինա-Եվրոպա եւ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Ուկրաինա-Եվրոպա:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Ալեքսեյ Իվչենկոն եւ Սաեդ Հոսենիյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է սեպտեմբերի վերջին անցկացնել շահագրգիռ երկրների էներգետիկայի փոխնախարարների հանդիպում, փորձագիտական խմբերի ստեղծում եւ տեղեկատվության փոխանակում:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, հստակեցվել են նաեւ Ուկրաինա եւ Եվրոպա արտահանվող գազի ծավալները:

Ըստ նախնական տվյալների, Իրան-Եվրոպա գազատարի հզորությունը կկազմի տարեկան շուրջ 30 միլիարդ խորանարդ մետր: Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2006 թվականի վերջը:

Այս ամիս ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Պյոտր Պորոշչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան մտադիր է միանալ դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման միջազգային կոնսորցիումին: Ըստ նրա, քննարկվող նախագիծը «չափազանց շահավետ եւ եկամտաբեր է»: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 10 միլիարդ դոլար է:

«Փորձագետների մակարդակով մշակվել են մի քանի տարբերակներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սեւ ծովի տարածքով: Մեկուկես ամսվա ընթացքում փորձագետները պետք է հաշվարկեն ծախսերը եւ այդ նախագծերից ընտրեն ամենաընդունելի տարբերակը», - հայտարարել էր Պորոշչենկոն՝ ավելացնելով, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել իր տարածքով անցնող գազատարի շինարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG