Մատչելիության հղումներ

Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից Ազատական առաջադիմական կուսակցությունը դեռեւս պաշտոնապես որոշում չի ընդունել սահմանադրական փոփոխություններին արդեն իսկ «ոչ» ասած եւ հակաքարոզարշավի պատրաստվող կուսակցություններին միանալ-չմիանալու հարցը:

«Ուզենք թե չուզենք, օգոստոսի վերջին կձեւավորվի քաղաքական կուսակցությունների մի խումբ, որ հստակ քաղաքական տեսակետեր կունենան երկրի մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: - «Այն ժամանակ հստակ կիմանաք, թե ով ում հետ է համագործակցելու»:

Հովհաննիսյանը հրաժարվեց կոնկրետ կուսակցությունների անուններ տալ՝ բացատրելով. - «Որովհետեւ ես չգիտեմ, թե նրանք իսկապես քաղաքական ինչ դիրքորոշում կունենան»:

Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, թե մասնակի սահմանադրական բարեփոխումներով երկրում քաղաքական, տնտեսական, բարոյական մթնոլորտն առողջանալ չի կարող:

«Հայաստանում պետք են լուրջ պրոցեսներ: Հայաստանին պետք են լուրջ ցնցումներ: Հայաստանին պետք է իսկապես հեղափոխություն», - ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայաստանի մտավորականների ֆորումի՝ այս շաբաթավերջին հրապարակվելիք կոչին, որով, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, ֆորումի ավագանին կոչ է անելու հուլիսին Երեւանում կազմակերպել համաժողովրդական հավաք՝ հետագա անելիքների ծրագիր ընդունելու համար, Հովհաննես Հովհաննիսյանը ասաց. - «Ես նախ շնորհակալություն եմ հայտնել մեր մտավորականներին նրանց այդ մղումների եւ ձգտումների համար եւ ասել եմ, որ պատրաստ եմ նրանց հետ համագործակցելու: Դրական պատասխան եմ տվել եւ սպասում եմ իսկապես մեր հաջորդ հանդիպմանը»:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության նախագծին՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ, Հովհաննիսյանը, ով նախկինում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր, ասաց. - «Վենետիկի հանձնաժողովը շատ ոգեւորված չէ եւ շատ գոհունակությամբ չի մոտեցել այս իշխանությունների կատարած բարեփոխումներին: Ուղղակի գոհունակություն է հայտնել, որ այս նոր նոր կայացված նախագիծը էապես դրականորեն տարբերվում է առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից»:

«Վերջիվերջո, պետք է ընդունենք, որ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքով էր այս ամենը պայմանավորված», - շարունակեց նա: - «Իրականում սա իշխանությունների կամքի արդյունք չէր. սա Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի ճնշման արդյունք էր: Սա պիտի ընդունենք»:

Նա հիշեցրեց, որ եզրակացության վերջին կետը փաստորեն շատ հստակ ակնարկում է, թե սահմանադրությունը ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման համար անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: Իսկ ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման համար «իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենան եւ իրագործեն նոր որակի կառավարություն, իշխանություն ստեղծելը»:

Հովհաննիսյանի խոսքերով, հենց դա «մեր բոլորի մոտ լուրջ հարցական է առաջացնում եւ անվստահություն իշխանությունների նկատմամբ»:

«Որոշ քաղաքական կուսակցություններ ու քաղաքական գործիչներ չունեն այն վստահությունը, որ գործող իշխանությունները կարող են եւ ցանկություն ունեն իսկապես քաղաքական լուրջ փոփոխություններ անել Հայաստանում», - պարզաբանեց նա: - «Որքան էլ թղթի վրա փոքր֊-ինչ ավելանան խորհրդարանի լիազորությունները, նոր գործող իշխանությունները կարող են բերել նոր՝ իրենց համար գործող Ազգային ժողով, նոր «դակիչներ»... Դրանով ժողովրդավարությունը Հայաստանում չի զարգանա»:

Նրա համոզմամբ, օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին մասնակցել-֊չմասնակցելու հարցը խորհրդարանական ընդդիմության որոշելիքն է:

«Դա շատ որոշիչ եւ կարեւոր կլինի այն քաղաքական կուսակցությունների հեռանկարի, ապագայի համար, որոնք այդ խաղին, այդ ֆարսին մասնակցեն: Իսկ դա ֆարս է», - եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG