Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին


Գալիք նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հնարավոր է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի եւ խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի մասնակցությունը:

ANS-ի փոխանցմամբ, ներկայումս Ռուսաստանում բնակվող Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Այազ Մութալիբովը կարող է ընտրություններին մասնակցել Ադրբեջանի ընդդիմադիր «YeS» (Yeni Siyase՝ «Նոր քաղաքականություն»), իսկ Միացյալ Նահանգներում բնակվող Գուլիեւը՝ «Ազադլիգ» դաշինքի կազմում:

Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Արազ Ալիզադեն հայտնել է, որ «YeS» դաշինքն արդեն գրանցվել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, եւ առաջիկայում որպես պատգամավորի թեկնածու գրանցվի նաեւ Այազ Մութալիբովը:

«Սակայն Ադրբեջանում քիչ չեն մարդիկ, ովքեր դեմ են Մութալիբովի Ադրբեջան վերադառնալուն, այդ պատճառով մենք չենք ցանկանում հայտնել իրականացվող բոլոր քայլերի մասին», - նշել է Ալիզադեն՝ ավելացնելով, այդուհանդերձ, որ կառավարությունը տվել է իր համաձայնությունը:

«Հիմա ամեն ինչ կախված է նախագահ Իլհամ Ալիեւի որոշումից, եթե նա չխոչընդոտի, Այազ Մութալիբովը կարող է թեկուզ վաղը վերադառնալ Ադրբեջան», - նշել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG