Մատչելիության հղումներ

Թուրք քաղաքական գործիչը Հայոց ցեղասպանությունը անվանել է «միջազգային սուտ»


Շվեյցարիայի իրավապահ մարմինները անցած շաբաթավերջին քրեական հետաքննություն են սկսել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, ով ուրբաթ օրը Օպֆիկոն-Գլաթբուրգ քաղաքում Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, այդ հայտարարության համար Պերինչեկը շաբաթ օրը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղից նրան բաց են թողել երեքուկես ժամ տեւած հարցաքննությունից հետո միայն:

Ըստ Շվեյցարիայի օրենսդրության, ցեղասպանության հասարակական մերժումը կամ արդարացումը հակասում է հակառասիստական օրենքին եւ դիտվում է որպես քրեորեն պատժելի հանցանք:

Թուրքիայի կառավարությունը «անընդունելի» է որակել Պերինչեկի հետ տեղի ունեցածը:

«Նրա ձերբակալությունը լիովին հակասում է կարծիք հայտնելու ազատության սկզբունքին», - կիրակի օրը Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը:

Թուրքական «Զաման» թերթը հաղորդել է, որ Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձի հետ կապված միջոցառմանը որոշել էր չմասնակցել Թուրքիայի պատմագիտական միության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Նրա նկատմամբ Շվեյցարիայի դատական մարմինները մայիսին քրեական գործ էին հարուցել՝ Հայոց ցեղասպանությունը մերժելու մեղադրանքով:

Միջոցառման օրը բողոքի ցույցով հանդես են եկել շուրջ 300 հայեր, քրդեր եւ ասորիներ, որոնք նշել են, որ 1923 թվականի Լոզանի պայմանագիրը «ոչնչացրել է անկախության եւ ինքնավարության իրենց հույսերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG