Մատչելիության հղումներ

Դուբլինում քննարկվելու է Հարավկովկասյան խորհրդարանի ստեղծման հարցը


Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը երկուշաբթի օրը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում վրաստանցի եւ ադրբեջանցի իր գործընկերների հետ քննարկելու է Հարավային Կովկասի խորհրդարան ստեղծելու հարցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Տիգրան Թորոսյանը, դեռեւս հունիսին Թբիլիսիում երեք երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները ստորագրել էին հուշագիր, որով ցանկություն էին արտահայտել աշխատանք տանել, որպեսզի հարավկոսկասյան խորհրդարանական նախաձեռնությունը վերաճի խորհրդարանական վեհաժողովի:

«Այստեղ անհրաժեշտ են մի շարք քայլեր, եւ այս լիագումար նիստը նվիրված կլինի այդ քայլերի քննարկմանը», - ասաց Տիգրան Թորոսյանը:

Ըստ նրա, Հայաստանի պատվիրակությունը միշտ կողմ է եղել աշխատանքների ծավալմանը, մասնավորապես՝ Խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը, սակայն այդ բոլոր քայլերը պիտի գործնական լինեն:

ԱԺ փոխխոսնակի խոսքերով, Ադրբեջանի պատվիրակությունը պնդում է, որ գործնական քայլերի կարելի է դիմել միայն հակամարտությունների լուծումից հետո: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան բանաձեւը ճիշտ հակառակն է ասում՝ այդ գործնական քայլերը պետք է ձեռնարկվեն հենց հիմա:

«Մեր խնդիրն է մեկ անգամ եւս հաստատել մեր մոտեցումը, որ մենք այսօր էլ պատրաստ ենք խորհրդարանական ամենալայն համագործակցության Հարավային Կովկասի եւ ընդհանրապես եվրոպական շրջանակներում: Նաեւ պիտի պահանջենք, որ Եվրախորհրդի առաջարկությունները այս շրջանակներում եւս հաշվի առնվեն», - նշեց Տիգրան Թորոսյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG