Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի աշխատանքային խումբը հավանություն է տվել Հայաստանի սահամանադրական փոփոխությունների նախագծին


Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետների աշխատանքային խումբը ուրբաթ օրը հավանության է արժանացրել Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների բարեփոխված փաթեթը:

Ազգային ժողովի փոխխոսնակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատելի գոհունակությամբ ընթերցեց փաստաթղթի եզրափակիչ մասը. - «Սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծն իրենից ներկայացնում է անառարկելի բարեփոխում Վենետիկի հանձնաժողովի կողմից մեկնաբանված նախորդ նախագծերի համեմատ»:

Ընդգծվել է կարեւորությունը, որ վերջնական տեքստի քննարկումները Հայաստանի ընդդիմադիր ուժերի եւ հասարակության անցկացվեն «բաց ու թափանցիկ՝ քաղաքական ամենամեծ կոնսենսուսի պայմաններում»: Հայաստանի հաջորդ մարտահրավեր է դիտվել, Թորոսյանի փոխանցմամբ, սահմանադրական հանրաքվեն:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական համագործակցության բաժնի ղեկավար Սիմոնա Գրանատա-Մենգինին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց. - «Մեր ստացած տեքստի բովանդակությունը բխում է Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեր կողմից նշված սկզբունքներից»:

Նա, այդուհանդերձ, ընդգծեց, որ սա դեռեւս Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չէ: «Հանձնաժողովը դեռ չի տեսել այս փաստաթուղթը, քանի որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու միայն հոկտեմբերին: Սա ընդամենը աշխատանքային խմբի կարծիքն է»:

Սահմանադրական բարեփոխումների շուրջ հայաստանյան ընդդիմության ներսում վերջին օրերին ծավալված իրադարձություններին վերաբերող հարցին ի պատասխան, Գրանատա-Մենգինին ասաց. - «Տեղյակ ենք եւ հետեւում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Իսկ քաղաքական առաջարկներ անելը մեր գործը չէ»:

«Պարզապես մենք ձգտել ենք գտնել կենսունակ եւ արդյունավետ լուծումներ», - շարունակեց նա: - «Այն, ինչ մեզ ներակայացվել է, կենսունակ Սահմանադրություն է, որը կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»:

Պատասխանելով սահմանադրական փոփոխությունների նկատմամբ Հայաստանի ընդդիմության դիրքորոշմանը վերաբերող հարցին, Սիմոնա Գրանատա-Մենգինին ասաց. - «Եղած տարբերակը կենսունակ է: Եվ հանձնաժողովն այն կարծիքին է, որ դուք պիտի ընդունեք այդ տեքստը: Մենք գիտենք, որ ընդդիմությունը բոյկոտի կոչեր է անում, եւ ընդդիմության որոշ հատվածներ կարծում են, որ ավելի լավ է ընդհանրապես չհամագործակցել ներկայիս իշխանությունների հետ»:

«Սահմանադրությունը միշտ փոխզիջման արդյունք է, արդյունք է երկրի քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված համաձայնությունների», - շարունակեց նա: - «Միշտ էլ կան ոչ ցանկալի բացթողումներ: Սակայն նման դատողություններ անելը Վենետիկի հանձնաժողովի գործը չէ.... Հանձնաժողովը, այդուհանդերձ, համոզված է, որ Հայաստանին, ինչպեսեւ ցանկացած այլ երկրի, «անհրաժեշտ է քաղաքական փոխզիջում»:

Ընդդիմադիր ուժերից «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր ղեկավարած խմբակցությունը Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կհամեմատի «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում արծարծված սկզբունքային մոտեցումների եւ հարցադրումների հետ», եւ եթե դրանք ընդունելի լինեն, «Ազգային միաբանությունը»-ը կհայտնի քննարկումներին մասնակցելու իր պատրաստակամության մասին:

«Եթե հերթական անգամ հայկական իշխանությունները մոլորության մեջ գցեն, խորամանկեն եւ նահանջեն այն պարտավորվածություններից, որ ստանձնել էին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առջեւ՝ բնականաբար, այդ պայմաններում մենք կսատարենք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի կյանքի կոչմանը, այն է՝ բոյկոտենք սահմանադրական «բարեփոխումների» քննարկումը», - ավելացրեց Գեղամյանը:


Արմեն Զաքարյան, Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG